«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանն է։

- Տավուշում գյուղեր են հանձնվում, մարդիկ փակել են ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե այդ գյուղերը չտանք, պատերազմ կսկսվի։

- Պատերազմը, մեկ է' սկսվելու է. հաջորդը որ ուզի' չտաս, ասելու է՝ պատերազմ է սկսվելու։

- Հաջորդ զիջումները, ըստ Ձեզ, որո՞նք են լինելու։

- Բազմիցս անդրադարձել եմ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետեր կան, այդ կետերն Ադրբեջանը հերթականությամբ կյանքի է կոչում։

- Խոսքը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասի՞ն է։

- Ոչ միայն, ավելի վատ կետեր էլ կան։ Խոսքը փախստականների վերադարձի մասին է։

- Օրերս մի խումբ պայմանագրային զինծառայողներ միացել էին ցուցարարներին, զրուցել նրանց հետ, հետո ՊՆ-ն հայտարարեց, որ ռազմական ոստիկանությունն է զբաղվում նրանցով, քրգործ են հարուցել։ Դուք այստեղ խախտում տեսնո՞ւմ եք։

- Այո, իրենք հանցանք են կատարել։

- Ցուցարարների հետ չպե՞տք է զրուցեին։

- Մոտեցել են, լավ են արել, ցանկացած մարդ իրավունք ունի՝ ինչ ուզի, անի, բայց հետո դրա համար չպիտի զղջա։

- Հանցանքը ոչ թե միանալն է, այլ իրենց արածի համար զղջա՞լը։

- Առաջինը՝ որ մոտեցել են ու հայտարարել, որ միանում են։ Երկրորդ հանցանքը՝ տղայական, այն է, որ զղջացել են։ Հանցանք է, որ իրենք զինվորական համազգեստով են եղել։

- Տավուշում Բագրատ սրբազանի հետ է նաեւ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Որպես զինվորական՝ նրան ճանաչո՞ւմ եք, ի՞նչ կարող եք ասել նրա մասին։

- Ոչինչ չեմ ասի։

- Չե՞ք ճանաչում, թե՞ ճանաչում եք, բայց չեք ուզում ասել։

- Ճանաչում եմ։ Ինքն ի ցույց է դրել մի քանի օր առաջ իր հայտարարություններով։ Ինքը մի քանի օր առաջ վարչապետին անվերապահորեն վստահող անձ էր, դրանից մի քանի տարի առաջ էլ է վստահված անձ եղել, դրանից 2 տարի առաջ էլ, բանակից զորացրված, պաշտոն է ստացել։ Երբ իրեն են կպնում, էդ ժամանա՞կ են հայրենասեր դառնում։

- Իսկ Բագրատ սրբազանի մասին ի՞նչ կարող եք ասել։

- Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ։

- Փաստորեն, սրբազանին միանշանակ դրական եք վերաբերվում։

- Ես չեմ վերաբերվում, ինքն այդպիսին կա, ինքը երբեք չի թաքցրել իր մտքերը, ինքը երբեք չի համակերպվել անարդարությանը' ոչ թե այսօր, այլ․․․ ես շատ վաղուց եմ իրեն ճանաչում։

- ՔՊ-ն մի քանի շաբաթ է Բագրատ սրբազանին փորձում է վարկաբեկել, անգամ գրում են, թե Ռուսաստանի գործակալ է։

- Ծիծաղելի բաներ եք ասում (ծիծաղում է)․․․, այս երկրում բոլորն ագենտ են, բացի իրենցից, բայց եթե ուզում եք իմանալ' ամենամեծ ագենտն իրենք են, ժամանակը կգա, եւ դա կապացուցվի։