ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը մի զեկույց է հրապարակել, որում խոստովանել է, որ Սիրիայում և Իրաքում գրոհայինների դիրքերի վրա կոալիցիայի կողմից հասցված օդային հարվածների զոհ կարող էին դառնալ խաղաղ քաղաքացիները:

 

Խոսքը վերաբերում է առնվազն չորս միջադեպերի, որոնց ընթացքում, ըստ որոշ տվյալների, զոհվել է հինգ մարդ, ևս ութը՝ վիրավորվել: Դրանցից առաջինը տեղի է ունեցել 2015 թ. հուլիսի 27-ին, վերջինը՝ հոկտեմբերի 15-ին:

 

Միևնույն ժամանակ, զինվորականներն ընդգծել են, որ իրենք ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները, որպեսզի վնաս չհասցնեն քաղաքացիական բնակչությանը, և խոստացել են շարունակել հավաքել նման տեղեկատվություն, որպեսզի այն առավել մատչելի դառնա հանրության համար: