Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում: Պատճառը, ըստ էության, մերոնց կողմից Եվրոպական միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհային գումարներից առանձնապես խոշոր չափերի գումարներ մսխելն է:

 

Ինչպես, հավանաբար, տեղյակ եք, այս տարվա հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սույն դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել: Ինչպես պաշտոնական աղբյուրներն են վկայում, ԵՄ-ն ՀՀ քննչական կոմիտեին է հանձնել Եվրոպական միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնք վկայում են, որ ԵՄ ծրագրով հայաստանյան ոչ առևտրային կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել. յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

 

Այս ամենում, սակայն, ամենազավեշտալին այն է, որ առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ կասկածվում է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ուսանողական խորհուրդը: Կարելի է ենթադրել, որ Մարտունի քաղաքում գործող ուսումնական հաստատություններին առաջարկվել է կրթական ոլորտի բարեփոխումների կամ միջազգային փորձի մասով համապատասխան թրեյնինգներ անցկացնել, ինչի համար էլ ԵՄ-ն ուսանողական խորհրդին է փոխանցել որոշակի գումար: Որոշ ժամանակ անց, սակայն, անականկալ կերպով պարզել են, որ ոչ մի թրեյնինգ էլ Մարտունիում չի անցկացվել, իսկ տրամադրված գումարներն էլ յուրացվել են:

 

Հիմա ձեզանից ոմանք հավանաբար կմտածեն՝ երանի թե ամեն ինչ սկսվեր ու ավարտվեր Մարտունի քաղաքի ուսանողական խորհրդով, ու Հայաստանում, բացի նմանատիպ «մանր-մունր» ժուլիկություններից, այլ տեսակի խաբեություններ չլինեին: Ավա՜ղ, հայաստանյան իրականությունը շատ ավելի դաժան է, քան կարելի է ենթադրել. մեր երկրի անկախացման հաջորդ իսկ օրվանիցՀայաստան մուտք գործած զանազան դրամաշնորհների, բարեգործական նպատակներով տրամադրված միջոցների, արտոնյալ վարկերի մի ահռելի մասը մշտապես մսխվել է այս կամ այն կառույցների կողմից. դրանք, որպես կանոն, պետական կառույցներն են եղել:

 

Ըստ որոշ գնահատականների՝ այս տասնամյակների ընթացքում միլիարդավոր դոլարներ են փոշիացվել՝ տեղական մի շարք չինովնիկների կողմից անբարեխիղճ վարքի պատճառով: Պետական թալանն իր գագաթնակետին էր հասել հատկապես 90-ականներին, երբ օգտվելով երկրում տիրող խառը ժամանակներից՝ մի շարք բարձրաստիճաններ կլորիկ գումարներ էին գրպանում ստացվող օգնություններից ու պետական միջոցներից՝ առանց դույզն ինչ կասկածելու, որ կմարսեն. չսխալվեցին:

 

Վերադառնալով սույն դեպքին՝ պետք է ասենք՝ այս ամենում ուշագրավն այն է, որ փաստացի դրամաշորթության վայր հանդիսացել է հայաստանյան մարզերից մեկը: Կարելի է ենթադրել՝ սույն գործը ձեռնարկողներն իրենց կարճ խելքով մտածել են, թե մարզ է, էլի, աշխարհից կտրված մի ծակուռ, ինչ կուզեն՝ կանեն, ո՞վ է գլխի ընկնելու, թե քարտեզի վրա չերևացող երկրի տասերորդական նշանակություն ունեցող քաղաքի մութ անկյուններում ինչ է կատարվում: Բայց, ի զարմանս ճարպիկների, ԵՄ հետևողական է գտնվել ու փորձել պարզել՝ ուր են գնում իրենց փողերը. պարզել են՝ ինչ-որ հրաշքով հօդս են ցնդում:


Վստահ ենք, որ իրավապահներին կհաջողվի ջրի երես դուրս բերել բոլոր մեղավորներին ու ինչպես հարկն է պատժել՝ մանավանդ, որ սեղանին Հայաստանի միջազգային վարկն է դրված,ինչը անտեղի կերպով ռիսկի ենթարկել ոչ ոք վերևներում չի պատրաստվում:

 

Դավիթ Բաբանով