Հայաստան- Բելառուս ընկերական խաղին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր մարզումներ անցկացրեց:

Մարզումներից հետո մեր ընտրանու ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն այն դիտարկմանը, թե մարզադաշտում պաստառներ չեն լինելու, պատասխանեց.

«Իհարկե, կցանկանայինք՝ երկրպագուները միշտ մեր կողքին լինեին, որքան հնարավոր է: Միշտ ուրախ կլինենք, որ երկրպագուները մեր կողքին լինեն»:

Խոսելով մեր լեգենդար դարպասապահի՝ Ռոման Բերեզովսկիի մասին, ֆուտբոլիստն ասաց. «Նա երկար տարիներ բարձր մակարդակով է պաշտպանել հավաքականի դարպասը և ամենակարևորը՝ գլուխը բարձր է հեռանում հավաքականից: Դա շատ կարևոր է, շատ քչերն են այդպես հեռանում: Միայն կցանկանամ, որ ֆուտբոլից հետո առողջ լինի և որքան հնարավոր է մեզ հետ լինի, պատանի ֆուտբոլիստներին էլ ճիշտ ուղղություն տա»:

Խոսելով թիմ չհրավիրված ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Մովսիսյանի, Ղազարյանի և Կասպարովի բացակայության մասին՝ Մանուչարյանը նշեց.

«Դա կորուստ է մեզ համար: Նրանք միշտ մեր կողքին են եղել ծանր պահերին: Բայց պետք է լրացնենք, նրանց տեղը, նրանց կարիքը կզգանք անպայման: Բայց ի՞նչ արած, ֆուտբոլ է»:

Ֆուտբոլիստը, խոսելով մարզումների մասին՝ ասաց. «Մարզումներից տպավորությունները լավն էին: Ընտրական փուլին դեռ ժամանակ կա: Ընկերական խաղերից ելնելով՝ պարզ կլինի, թե որքանով ենք պատրաստ ընտրական խաղերին: Իհարկե, ընկերական խաղերն էլ իրենց տեղն ունեն, պետք է փորձենք ամբողջ ուժով խաղալ, որպեսզի ընտրական փուլին մոտենանք լավ մարզավիճակով»: