Այն, որ մեր ընդդիմությունն ընդհանուր առմամբ անփառունակ վիճակում է և ժողովրդայնություն չի վայելում, կարծում եմ՝ ապացուցելու կարիք չկա, ամեն ինչ ակներև է: Պատճառներն այստեղ տարբեր են, բայց ուզում եմ առանձնացնել դրանցից մեկը՝ անկեղծության բացակայությունը: Բնական է՝ չի կարող ժողովրդայնություն վայելել ինչ-որ մի քաղաքական ուժ, ով իրականում չի գործում հանուն այդ ժողովրդի, ում իրականում չի հետաքրքրում այդ ժողովուրդը:

 

Այսօր դաշտում գործող քաղաքական ուժերը գործում են տարբեր նպատակներով՝ հանուն իշխանության հասնելու, հանուն սեփական շահի, հանուն անձնական խնդիրներ լուծելու, բայց այդ նպատակների շարքում չկա հանուն ժողովրդի, ժողովրդի համար մի բան անելու, կյանքը բարելավելու նպատակը: Եթե վերոհիշյալ նպատակների շարքում դա էլ իր տեղն ունենար, ապա մնացածն էլ կարող էին նորմալ ու ընդունելի դիտվել: Այնինչ, ընդդիմադիր դաշտը զբաղեցրածները կարող են հանուն ամեն ինչի պայքարել, միայն թե ոչ հանուն իրենց ժողովրդի: Նրանք կարող են պայքարել նույնիսկ հանուն տերմինների: Եթե նկատել եք՝ ընդդիմադիր տարբեր ուժերի միջև տարաձայնություններն ու իրար ուղղված մեղադրանքները հաճախ հենց այդ թեմայով են, թե ով է իրականում «ընդդիմադիր», իսկ ով՝ ոչ:

 

Այսինքն՝ ստացվում է, որ գերնպատակը բաղձալի տերմինին արժանանալն է, իսկ բովանդակությունն այդքան էլ կարևոր չէ: Այնինչ տերմինների հետևից վազքի վրա այդքան էներգիա վատնելու փոխարեն եթե որևէ ուժ իր համար առաջնայինը դարձներ քաղաքացիների համար տարբեր խնդիրներ լուծելը, միանշանակ ավելի ընդունելի կլիներ և ավելի մեծ ժողովրդայնություն կվայելեր, և ես համոզված եմ, որ քաղաքացիների զգալի մասը բացարձակապես թքած կունենային, թե ինչպես կկոչվեր այդ ուժը՝ ընդդիմությու՞ն, ոչ իշխանակա՞ն, թե՞ մի այլ տեմինով: Հավատացեք, դա ոչ թե երկրորդական չէ, այլ նույնիսկ տասներորդական էլ չէ: Մեր քաղաքական ուժերն այսօր դառնալով տերմինաբանության գերի՝ մոռանում են բովանդակության մասին:

 

Կարեն Վարդանյան