Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը, թերևս, հայ-ռուսական հարաբերություններն են, դրանցում տեղ գտած որոշալի խութերը, որ հատկապես արտահայտիչ դարձան հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի հետևանքով: Քննադատությունը, որին ներկայումս ենթարկվում է Մոսկվան, ադրբեջանցիներին զենք վաճառելու պատճառով է, քանի որ մենք արդարացիորեն կարծում ենք, որ եթե ռուսները հանձն են առել Հայաստանի փխրուն անվտանգության հիմնական պաշտպանի դերը, ապա դա պետք է կատարեն առավելագույնս անկեղծորեն ու էֆեկտիվորեն՝ առանց երկակի խաղեր տալու: Այս հարցում, կարծում ենք, երկրորդ կարծիք լինել պարզապես չի կարող: Բայց եթե փորձենք այս հարցին ռուսական կողմի աչքերով նայել, կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ռուսները ազերիներին զենք են վաճառում ոչ թե ասենք հայատյացությունից դրդված, այլ սեփական շահերն ինչպես հարկն է սպասարկելու համար. անշո՛ւշտ, կարող ենք: Հիմա կփորձենք հասկանալ, թե ինչ է տալիս Մոսկվային Ադրբեջանի նման առևտրային գործընկեր ունենալը: 


Ամենաառաջինը՝փող, մի բան, որի կարիքը Ռուսաստանը հիմա ավեի է զգում, քան երբևէ: Ուսումնասիրությունները փաստում են, որ Ռուսաստանի տնտեսությունը, կարելի է ասել, փլուզման փուլում է այլևս՝ մոտենալով անգամ 90-ականների մակարդակին. ուստի՝ Ռուսաստանը պետք է փնտրի հավելյալ եկամտի աղբյուրներ՝ առաջացած բացը լրացնելու համար. նա, պարզապես, չի կարող դիմանալ գայթակղությանը ու մերժել Բաքվի նման գնորդին: Սա՝ հարցի տնտեսական կոմղը:Իսկ ո՞րն է, այնուամենայնիվ, քաղաքականը, հանգամանք, որը միջազգային հարաբերություններում թիվ մեկ կարևորություն ունեցող հարցն է: Քաղաքականը շատ պարզ է. վաճառելով երկու կողմերին էլ իր զենքը, իհարկե, տարբեր պայմաններով, Ռուսաստանը յուրատեսակ վերահսկողություն է հաստատում հակամարտող երկու կողմերի վրա միաժամանակ:Իրականում զենքի վաճառքով Մոսկվան լուծում է շատ ավելի խորքային հարցեր, քան կարող է թվալ առաջին հայացքից: Եկե՛ք անկեղծ լինենք ու ինքներս մեզ խոստովանենք, որ Ադրբեջանը, որպես անդրկովկասյան պետություն, Մոսկվայի համար պակաս կարևոր չէ, քան Հայստանը:

 

Եթե կուզեք, Մոսկվան, հնարավորության դեպքում, շատ ավելի մեծ սիրով եղբայրություն կաներ բնական էներգակիրներով հարուստ Ադրբեջանի հետ, քան՝ Երևանի: Պարզապես ստացվել է այնպես, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը այնպիսի արմատներ է ձգել Ադրբեջանում, որ Պուտինի համար գործնականում անիրական մի բան է հուսալը, թե Բաքուն երբևէ կդառնա Մոսկվայի հավատարիմ դաշնակիցն ու անդավաճան ընկերը, քանի որ փայլուն կերպով հասկանում է, որ Ալիևի պորտալարը գնում-հասնում է կինչև Լոնդոն, որը, ինչպես գիտեք, ՌԴ թիվ մեկ աշխարհաքաղաքական մրցակիցն է աշխարհում: Հետևաբար՝ մնում է ավելի ճկուն գտնվել ու փորձել Բաքվին հաճոյանալու համար գտնել այլ ուղիներ ու ճանապարհներ, որոնցից մեկն էլ ժամանակակից սպառազինություն վաճառելն է նրան: Այն, որ ոչ մի հայ-ռուսական թվացյալ եղբայրություն երբեք չի կարող ստիպել Մոսկվային հետ կանգնել զենքի վաճառքից շահույթ ստանալու մտքից, կարծում ենք, անկասկած է. նախ՝ Հայաստանը չունի այն թափը, որ ունակ լինի աշխարհի որևիցե երկրի թելադրելու իր պայմանները, երկրորդ՝ Ռուսաստանը չի կարող բացահայտ հայտաարարել, որ ինքը հայամետ է, քանի որ սեփական «քթի տակ» ձեռք կբերի միգուցե թույլ, բայց շատ վտանգավոր ու ստոր հակառակորդի՝ ի դեմս Ադրբեջանի, որն առանց այն էլ ներկայումս գտնվում է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, իսկ թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերություններն էլ թևակոխել են առավել սերտ փուլ:

 


Ի՞նչ է, ուրեմն, մեզ մնում անել: Մեզ մնում է բացել մեր աչքերն ու մեկընդմիշտ հասկանալ, որ, եթե ցանկանում ենք, որ աշխարհի ցանկացած երկիր մեր հետ հարաբերություններ կառուցելիս մեզ հետ հարաբերվի հավասարը հավասարին, ապա պետք է նախևառաջ հզորացնենք երկիրը ներսից, ու մեր չինովնիկներն էլ դադարեն պետական միջոցների հաշվին ամեն 6 ամիսը մեկ մի նոր արտասահմանյան բրենդային մեքենա ձեռք բերել, դադարեն ամրոցներ կառուցել, դադարեն թալանել բյուջեն. հարկավոր է նույն չարաբաստիկ կոռոուպցիայի դեմ պայքարել ոչ թե ասենք եվրախորհրդարանում մեզ վրա ավելորդ խոսակցություն չբերելու համար, այլ անել դա՝ բացառապես ազգային շահերից դրդված: Միայն հզոր ու հեռանկարային Հայաստանի հետ կարող են հաշվի նստել, հարգել մեր իրավունքները՝ անկախ այն բանից՝ հարգողը ռո՞ւսն է, թե՞ ամերիկացին…



 Դավիթ Բաբանով