Այս պահին Բաղրամյան 26-ի դիմաց հավաքվել են եզդի համայնքի հարյուրավոր ներկայցուցիչներ՝ ի պաշտպանություն մեծ բարերար, ազգությամբ եզդի Ջնդի Ամարյանի: Վերջինս այս պահին բանտում է. տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը: 

 

Ըստ Ամարյանի կողմակիցների՝ նրա քրեական գործն ապօրինի ձևակերպած գործ է, և նա կրում է պատիժ, որի մեղավորն ինքը չէ: Բողոքի ակցիայի մասնակիցները սպառնում են՝ չպատասխանելու դեպքում իրենք կփակեն Բաղրամյան պողոտան:

 

Ավելի վաղ Հայաստանի եզդիական համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովելու և նրան ազատ արձակելու խնդրանքով:

 

Նամակում մասնավորապես ասված էր. «Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խորապես մտահոգված է «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին ազատությունից զրկելու և նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում սկսելու փաստից:

 

Հիշեցնենք, որ մեր ազգակից, հիշյալ կառուցի պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), և 02.04.2016 թվականից նա գտնվում է անազատության մեջ: Ձեռնպահ մնալով իրավական գնահատականներից, համոզված լինելով նրա անմեղության մեջ՝ Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խնդրում է Ձեզ հետևողականություն ցուցաբերել Ջնդի Մահմուդի Ամարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ և թույլ չտալ պետական կառույցներին անհիմն քրեական հետապնդում իրականացնել:

 

Խնդրում ենք Ձեր միջնորդությունը նրա նկատմամբ իրականացված ապօրինի կալանավորումն անհապաղ դադարեցնելու հարցում: Ամենակարևորը' խնդրում ենք և պահանջում հետևողականություն ցուցաբերել օրենքի տառի պահպանմանը, հակառակ պարագայում՝ ստիպված ենք մեր ձայնը բարձրացնել և հրապարակային բողոք ներկայացնել՝ փողոց դուրս գալով»: