Հայաստանը չի քննարկում Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, դա խորհրդարանի երկու անդամի առաջարկությունն է. սրանք Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն են, որոնցիցի հետո նա խուճապահար ձևով նույնիսկ ավելացրել է, որ կարիք չկա խուճապի մատնվելու: Էլ սրանից այն կողմ խուճապն ինչպե՞ս է լինում, երբ որ Լավրովը բացահայտ մատնեց իր և ՌԴ մյուս ղեկավարների՝ խուճապի մատնված լինելու փաստը:

 

Նախ, Լավրովը, ինչպես և ՌԴ մյուս ղեկավարները, խիստ կաղում է տեղեկացվածությունից ու գիտելիքներից, հակառակ դեպքում կիմանար, որ Արցախի անկախությունը ճանաչելը ոչ թե ընդամենը 2 պատգամավորի առաջարկությունն է, այլ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության ցանկությունը: Բայց դե Ռուսաստանի ղեկավարների դեպքում գիտելիքներից կաղալը նորմալ է, չէ՞ որ այդ նույն թիմի անդամ Դմիտրի Մեդվեդևն էր, որ խոսել էր 1918թ. Խորհրդային Ռուսաստանի կողմից ստեղծված Ադրբեջանի հետ Ռուսաստանի «դարավոր» բարեկամության մասին:

 

Այն, որ Արցախի անկախության հարցը Հայաստանում մտավ օրակարգ, բնական է՝ «ռազմավարական դաշնակցին» դուր չէր գա և նման արձագանքը սպասելի էր. չէ՞ որ «վասալը» հանդգնում է ինքնուրույն որոշում կայացնել առանց «գաղութատիրոջ», և ինչպե՞ս կարելի է հանդուրժել, որ իրենից կախման մեջ ու իր ճնշման ներքո գտնվող փոքրիկ պետությունն ու այդ պետության ժողովուրդը կարող են ինքնուրույն որոշում կայացնել իրենց խնդիրների վերաբերյալ: Բայց այնպես է ստացվում և այնպես կարող է ստացվել, որ «ռազմավարական դաշնակիցը» ստիպված կլինի դա հանդուրժել, քանի որ ամեն ինչ դեպի դա է գնում, քանի որ նրանց «դաշնակցությունից» մենք առայժմ արևէ օգուտ չենք ստացել և նույնիսկ արդեն մեր իշխանություններն են դա գիտակցում՝ փորձելով վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որ հարկ եղած դեպքում ամեն ինչ կարող ենք անել նաև առանց նրանց կարծիքը հաշվի առնելու…

 

Ի դեպ, նման «խուճապահար» հայտարարություն սպասելի է նաև արևմտյան գործընկերներից, քանի որ գաղտնիք չէ, որ Արևմուտքն էլ իր հերթին է փորձում Հայաստանի վրա ազդեցություն ունենալ և Արևմուտքին էլ դուր չի գալիս, երբ մենք ինքնուրույն որևէ բան ենք որոշում:

 

Շատերին կարող է դուր չգալ, բայց վերջին հաշվով՝ դա իրենց խնդիրն է: Եթե պետք եղավ՝ ստիպված են հարմարվել:

 

Կարեն Վարդանյան