Հայաստանի քաղաքական դաշտում ոչ իշխանական քաղաքական գործիչներն ու ուժերը իրենց հիմնական խնդիրը որպես կանոն համարում են իշխանափոխությունը, ինչը, իհարկե, չի նշանակում ժողովրդի բազմաթիվ խնդիրների լուծում, որովհետև չկա որևէ երաշխիք, որ ենթադրյալ իշխանափոխությունից հետո իշխանության եկած նոր քաղաքական ուժը չի կրկնի նախկինի սխալները, թերությունները, չի անի նույն խախտումները, ավելին նախկինից ավելի չի ղեկավարի: Այս ամենը, իհարկե, չկա ոչ իշխանականների հաշվարկներում, դրա փոխարեն' իշխանափոխության հարցը նրանց միշտ արդիական է մնում: Այլ հարց է իշխանափոխության ուղիները. Մեկը նախընտրում է խաղաղ ճանապարհը, մյուսը' ոչ խաղաղ:


«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխելու կողմնակից է և այդ մասին հայտարարել է «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարում: Այս հարցում Ուրիխանյանն ինչ-որ հաշվարկներ էլ ունի, որովհետև ասել թե, եթե սխալվեն իրենց հաշվարկներում, ապա ինքը իր քաղաքական կարիերան ավարտված կհամարի:


Կարծում եմ, նման հայտարարություն անելն արդեն իսկ հաշվարկներում սխալվել է նշանակում, որովհետև նման հայտարարությունից հետո այլևս լուրջ չընկալվելու վտանգի առջև է կանգնում քաղաքական գործիչը: Օրինակ, կոնկրետ Ուրիխանյանը մի անգամ արդեն 2000-ին կուսակցություն հիմնել էր, խոսքը Հայաստանի առաջադիմական կուսակցության մասին է, որի հիմնադիրն ու նախագահն էր Ուրիխանյանը: Իսկ 2011-ին Ուրիխանյանը արդեն մտավ ԲՀԿ, ինչը նշանակում է, որ Հայաստանի առաջադիմական կուսակցության հետ կապված իր հաշվարկները ճիշտ դուրս չեկան: ԲՀԿ-ից էլ դուրս եկավ 2015-ին, ինչը նշանակում է, որ այստեղ էլ մի բան ձախողվեց, հաշվարկները ճիշտ չէին:


Այսինքն, կարելի է ասել' 2 անգամ Ուրիխանյանի ասած «հաշվարկներում սխալվելը» արդեն եղել է, բայց երիտասարդ քաղաքական գործիչն իր կարիերան ամենևին էլ չի ավարտել և բնական է' չի ավարտի նաև երրորդ անգամ սխալվելու դեպքում: Այդ դեպքում ո՞րն է իմաստը կարիերան ավարտելու մասին պաթետիկ հայտարարություն անելու...


Կարեն Վարդանյան