Այսօր Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձն է: 25 տարի առաջ այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը:

1988-ին սկսված շարժումը դարձավ նաև Խորհրդային Միության փլուզման սկիզբը:

1988թ. փետրվարի 20-ին Երևանի Թատերական (ներկայիս Ազատության) հրապարակում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այդ օրը հրապարակում էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թիվն օր օրի գնալով կրկնապատկվեց՝ հասնելով մինչև 1 մլն-ի: Հանրահավաքի մասնակիցների պահանջն էր Արցախը միացնել Հայաստանին, հատկապես, որ Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանում 1988թ. փետրվարի 20-ին որոշում էր կայացվել՝ դիմել ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:

Արցախահայության արդարացի պահանջը լայն պաշտպանության արժանացավ Հայաստանում, հանրապետության Գերագույն խորհուրդը դրական պատասխան տվեց դիմումին։ Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը մերժեց արցախահայության դիմումը։ Փետրվարյան դեպքերը սկիզբ դրեցին մի շարժման, որը հայտնի է «Ղարաբաղյան շարժում» անվամբ։ Կարճ ժամանակում այս շարժումը վերածվեց հայոց համազգային շարժման, որն իր առջև խնդիր էր դնում ոչ միայն լուծել ղարաբաղյան հիմնահարցը, այլ նաև հասնել Հայաստանի անկախությանը և վերափոխել երկրի քաղաքական-հասարակական կարգերը։

Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրից հանրապետության ղեկավարությունը սպասողական դիրք գրավեց և չկարողացավ ներազդել իրադարձությունների ընթացքի վրա։

1988թ. փետրվարին ստեղծվեց կազմկոմիտե, որը կազմակերպում և ղեկավարում էր բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները։

Ղարաբաղյան շարժումը ներդաշնակելու, համակարգելու նպատակով մարտ ամսին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որն իր մասնաճյուղերը ստեղծեց հանրապետության շրջաններում։

Ղարաբաղյան շարժման առաջացումը խիստ անհանգստացրեց Խորհրդային Միության ղեկավարությանը, քանի որ այս ժողովրդավարական շարժումը կարող էր վարակիչ օրինակ հանդիսանալ կայսրության այլ շրջանների համար։ Խորհրդային Միության պետական անվտանգության մարմինները, օգտագործելով ադրբեջանական ազգայնամոլներին, կազմակերպեցին հայ բնակչության ջարդեր Սումգայիթում (1988թ. փետրվար), Ադրբեջանի այլ վայրերում, ապա՝ Բաքվում (1990թ. հունվար), որին զոհ դարձան հարյուրավոր հայեր։ Այս ջարդերից հետո շուրջ 400.000 հայեր ստիպված թողեցին Ադրբեջանի հայաբնակ վայրերը, և նրանց զգալի մասը տեղափոխվեց Հայաստան։

Շուտով Ադրբեջանը դիմեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը՝ մեծ վնաս պատճառելով Հայաստանի և Ղարաբաղի տնտեսությանը։

Ադրբեջանում տեղի ունեցած արյունոտ դեպքերին չտրվեց հստակ քաղաքական գնահատական։ Ավելին, երբ 1990թ. մայիսին Հայաստանում կայացած ընտրություններից հետո իշխանության գլուխ անցան ժողովրդավարական ուժերը և կոմունիստական վարչակարգը վերացվեց, կենտրոնն ավելի բացահայտորեն սկսեց օժանդակել Ադրբեջանին, ուր դեռ պահպանվել էին կոմունիստական կարգերը։ 1991թ. գարնանն Ադրբեջանի իշխանությունները խորհրդային բանակի մասնակցությամբ իրագործեցին Շահումյանի և Խանլարի շրջանների մի շարք հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանումը։

Հայաստանի անկախացման գործընթացի սկզբնավորմամբ և դրա հետևանքով իրական անկախության ձեռքբերմամբ Արցախի հիմնախնդիրը հայտնվեց միջազգային հասարակայնության ուշադրության կենտրոնում։ Բազմաթիվ երկրների տարբեր կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գոչծիչներ հանդես եկան ի պաշտպանություն արցախահայության իրավունքների, կոչ արեցին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել քաղաքական միջոցներով։ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հատուկ բանաձևեր ընդունեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Այդ փաստաթղթերում նշվում է, որ Արցախում ոտնահարվում են հայ բնակչության ազատությունները, նրա ինքնորոշման իրավունքը։

Նշենք նաև, որ օրեր առաջ արցախահայության ազգային ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտում երթ էր ու հանրահավաք, որից հետո բացվեց նաև տարեդարձին նվիրված հուշաքարը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հանրահավաք էր։ Արցախը 25 տարի առաջ այս օրերին ոտքի վրա էր, պատրաստ իր պատմության երկար ճանապարհի ամենավճռական քայլերից մեկին:

Իսկ Հադրութում տարեդարձը նշում էին մեկ քառորդ դար առաջ տեղի ունեցած դեպքերի բեմականացմամբ։ Այն օրերի լարված մթնոլորտին փոխարինել էր բարձր տրամադրությունն ու անցած ճանապարհի վերարժևորումը. «Մեկ քառորդ դար առաջ տեղի ունեցածը սովորական հանրահավաք չէր»: