Հուլիսի 4-ն ԱՄՆ անկախության տոնն է: Ուղիղ 240 տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում հիմնադրվեց մի պետություն, որ հետագայում պետք է դառնար աշխարհի միակ գերտերությունն ու էտալոն հանդիսանար՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, տնտեսական զարգացման և այլ առումներով:


Ինչպես դեսպան Միլսն է այս առթիվ իր խոսքում նշել՝ հիմնադիր հայրերը պատկերացնել անգամ չէին կաող, թե ապագայում ինչ մեծ ձեռքբերումների պետք է հասներ իրենց հիմնադրած երկիրն ու ինչպիսի անհասանելի բարձունքներ պիտի նվաճեր հետագա դարերում:

 

Անշո՛ւշտ, ինչպես աշխարհի ցանկացած այլ երկրի, այնպես էլ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների զարգացումը հյուսիսամերիկյան այս գերտերության հետ, ինչն ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանին ներկայումս հուզող մի շարք խնդիրների լուծման բանալիների փնտրտուքով՝ անվտանգության խնդիր, տնտեսական զարգացում, ինտեգրացի՝ համաշխարհային հանրությանը և այլն:


Բայց ինչպես հայտնի է, միայն բարի ցանկություն ունենալը ոչ միշտ է բավարար լինում՝ նպատակակետին հասնելու. համապատասխան արդյունքներ, ձեռբերումներ գրանցելու համար պետք է լինում բավարարել մի շարք նախապայմաններ, որոնք քեզ թույլ կտան անշեղորեն շարժվել այն ուղղությամբ, որ նախանշել ես. ասվածը նախևառաջ մեր երկու երկրների միջև հարաբերությունների մասին է, որոնց վերաբերյալ դեսպան Միլսը հաճախ է խոսում իր ելույթներում:


Հիմնական խնդիրը, որ ներկայումս ծառացել է Հայաստանի առաջ, թերևս, կոռուպցիան կարելի է համարել: Ամերիկյան կողմը բազմիցս է ընդգծել այն հանգամանքը, որ եթե մենք ցանկանում ենք օտարերկրյա ներդրումներ բերել Հայաստան, գրավիչ դարձնել Հայաստանը նույն ամերիկացի գործարարների համար, ապա պարտավոր ենք հստակ քայլեր ձեռնարկել՝ վխտացող չարիքը, եթե ոչ արմատախիլ անելու ուղղությամբ, ապա գոնե այն էականորեն նվազեցելու, ինչը, սակայն, հայրենի կառավարության կողմից չի արվում (մի քանի հնամաշ ծառայողական մեքենաների կրճատումը դեռևս չի նշանակում պայքար կոռուպցիայի դեմ):

 

Դե, իսկ նոր Հարկային օրենսգրքի ընդունումն, Ընտրական օրենսգրքի շուրջ բարձրացած աղմուկն իրենց հերթին որևիցե կերպ չեն կարող նպաստել ամերիկացիներին ինչ-որ բանում համոզելուն, քանի որ միջազգային հանրությունը շատ լավ գիտի, թե ասենք նույն մի քանի միլիոն դոլարը, որ անհրաժեշտ է նոր ԸՕ-ի կյանքի կոչման համար, որտեղից կարող են արագորեն գտնել նրանք, ովքեր սովոր են «կոկորդիլոսի արցունքներ» թափել ու տրտնջալ, թե փող չունեն. այստեղ զգացվում է իշխանությունների չկամությունը՝ երկրում գնալու իրական բարեփոխումների:

Կասկածից վեր է՝ եթե Հայաստանն ուզում է աշխարհում ինչ-որ թափ ու կշիռ ունենալ, պարտավորված է հարաբերություններ զարգացնել աշխարհի բոլոր երկրների, բայց հատկապես ուժային կենտրոնների հետ, որոնցից գլխավորը, թերևս, ԱՄՆ-ն պետք է համարել:

 

Որքան լայն ու ամուր են քո կապերն աշխարհի հետ, այնքան մեծ է հավանականությունը, որ քեզ հետ հաշվի կնստեն գոնե այն հարցերում, որոնք անմիջականորեն վերաբերում են քո անվտանգությանն ու կենսական շահերին. մեր պետականության ամրապնդման կենսական շահերից է բխում Արևմուքտի հետ մեր հարաբերությունների խորացումն, ինչը թույլ կտա մեզ ոչ միայն հնարավորինս կոմպլեմենտար քաղաքականություն վարել արտաքին աշխարհի հետ՝ ամրապնդելով տարածաշրջանում մեր դիրքերն, այլև շատ կոնկրետ տնտեսական օգուտներ ունենալ, որոնց կարիքը մեր երկիրն օդի ու ջրի պես ներկայումս շատ է զգում:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ