Վերջին օրերի իրադարձությունները լավագույնս բացահայտում են այն մոտիվացիան, որը դրդեց Ադրբեջանին սանձազերծել քառօրյա պատերազմը: «800 հեկտար գրավելու» թեզն Ալիևին առավելապես պետք է ներքին լսարանի համար: Երկու տասնամյակից ավելի ադրբեջանական հասարակությանը սերմանվել է հայերի հանդեպ թշնամանք: Ղարաբաղյան առաջին պատերազմը պարտվածի բարդույթ էր ստեղծել ադրբեջանցիների մոտ: 800 հեկտարը, թե’ չափերի, թե’ ռազմավարական առումով մեծ հաջողություն չէ, սակայն ներքին քարոզչության տեսանկյունից անգնահատելի նվեր է Ադրբեջանի իշխանությունների համար: Վերջիններս, իհարկե, թքած ունեն, թե մարդկային ինչ կորուստների, քանի ընտանիքների կործանման գնով են հասել այդ 800 հեկտարին:

 

Սակայն, Ալիևի հիմնական խնդիրը ոչ թե իր հասարակությունն է, որին մեծ հաշվով վերահսկում է, այլ` միջազգային հանրությունը: Հենց նրան է գլխավորապես ուղղված քառօրյա պատերազմի մեսիջը:Պատերազմ կամ ստատուս քվոյի փոփոխություն. այս երկընտրանքն է Ադրբեջանի նախագահը պարտադրում միջնորդներին, միջազգային հանրությանը: Եվ պետք է նկատել, որ այս մարտավարության մեջ Բաքուն բավականաչափ հետևողական ու նպատակային է: Պատահական չէ, որ երեկ Վարշավայում մեկնարկած ու արդեն պատմական հռչակված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ժամեր առաջ, Ադրբեջանն Աղդամի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկում, թեկուզ և, անհաջող: Ադրբեջանցիները հրաձգային զենքերից կրակի տակ են պահել նաև Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը, որը Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի հատվածն է:

 

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Վարշավայում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ նաև ԼՂ խնդիրն են քննարկում համանախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ ակտում անդրադարձ է լինելու ԼՂ հակամարտությանը:Այս համատեքստում Ալիևը դարձյալ խախտում է հրադադարը, իր` «պատերազմ կամ ստատուս քվոյի փոփոխություն» երկընտրանք - պարտադրանքը Վարշավայում լսելի դարձնելու համար:


Անկախ իր ապակառուցողական քաղաքականությունից, Ադրբեջանի այս մարտավարությունը որոշ իմաստով հաջողել է: Մի քանի օր առաջ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսել էր հակամարտության համապարփակ լուծման անհրաժեշտության մասին ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Բառացիորեն երեկ ուշագրավ հայտարարություն է արել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը. «Ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի»- ասել է նա:

 

Սա հրապարակային հայտարարություների մասով: Ռուսական մամուլը գրում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ստվերային ինչ- որ նախաձեռնության մասին, որի էությունն այն է, որ Մոսկվան Բաքվին օգնում է վերադարձնել հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող 1-2 շրջան` ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության դիմաց:


Ինչպես տեսնում եք, ստատուս քվոյի փոփոխության բովանդակային հետևանքների հարցում կոնսեսունս չկա անգամ միջազգային հանրության, միջնորդների շրջանում, էլ չասած, հակամարտության կողմերի մասին: Ստատուս քվոյի փոփոխությունը ենթադրում է նաև  ԼՂ-ի միջանկյալ կամ մշտական կարգավիճակի որոշում: Մի հարց, որում սկզբունքորեն տարբեր և իրարամերժ են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները: Ըստ այդմ, ստատուս քվոն որակապես փոխել դժվար է: Եթե միջազգային խաղացողներին չհաջողվի գտնել հրադադարի պահպանման գործուն մեխանիզմներ, ապա Ալիևի այսօրվա մարտավարությունը` պատային երկընտրանքը, տանում են նոր`գուցե ավելի լայնամասշտաբ պատերազմի սանձազերծմանը:

 

Տխուր հեռանկար է, որը ցավոք հեռու չէ իրականությունից:

Սարգիս Հակոբյան