ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալացված անձանց առողջական վիճակին և նրանց բուժման ընթացքին։ Այս մասին տեղեկացրին ԱՆ-ից:

 

Վնասվածքաբան-օրթոպեդը կենտրոնի բժիշկների հետ քննարկել է տուժածների բուժման ընթացքը։ Պատասխանելով լրագրողների հարցերին' Վաչագան Այվազյանը նշել է, որ նախորդ օրն ընդունված վիրավորներից մեծ մասի մոտ մակերեսային վնասվածքներ են: Ամենածանրը գնահատվում է որովայնային հրազենային վնասվածք ստացած ոստիկանի առողջական վիճակը, որը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններից դուրս է գրվել 48 տուժած, բուժումը շարունակում է 25 հիվանդ: