Որքանով հասկանում եմ՝ հարաբերական խաղաղությանը մնաց մեկուկես-երկու ամիս, որովհետև համակարգային այս ճգնաժամը, ի թիվս շատ այլ բաների, ցույց տվեց, որ Հայաստանի հանրությունը բացարձակապես պատրաստ չէ հանդուրժել որևէ քիչ թե շատ զգալի զիջում Արցախյան հարցում։ Ցանկացած իշխանություն, որ կգնա դրան, կլինի դատապարտված։ Ու իմ կարծիքով, նույնիսկ Արցախին ինչ-ինչ կարգավիճակներն ու միջազգային երաշխիքները, որոնք գուցե խոստացվեն այդ զիջումների դիմաց, էլի չեն փոխի ընդհանուր պատկերը։

 

Հայաստանն այս առումով մի իրավիճակում է, որը կարելի է անվանել փակուղի, բայց եթե լավ մտածենք, ապա այդ փակուղին նաև հնարավորություն է, որովհետև մենք հիմա նման ենք սեղմված զսպանակի, որը պատրաստ է ամբողջ ուժով ուղղվել։


Համանման փակուղային իրավիճակում էլ Ադրբեջանն է ու Ալիևի ռեժիմը։ Այնտեղի հանրությունն էլ բացարձակ պատրաստ չէ որևէ զիջումների, ու հիմա արդեն անհնար է մեղմել հնարավոր ցնցումները՝ օգտվելով նավթադոլարային ամորտիզատորներից։ Ադրբեջանի լավ օրերը մնացին անցյալում, և առաջիկա մի քանի տարին նավթի գները հաստատ չեն լինելու առաջվանը։ Ուստի Ալիևի իշխանական բուրգի ողջ ծանրությունը հիմա հենված է միակ կանգուն մնացած հիմնասյունի՝ հակահայկականության ու Արցախի հետ բերելու փափագի վրա։

 

Բնավ չեմ ցանկանում ինչ-որ ապոկալիպտիկ կանխատեսումներ անել, բայց պետք է չկրկնենք նույն սխալը ու մտածենք, որ պատերազմն ինչ-որ գերանհավանական բան է, ու դրա սկսելու դեպքում ուժեղները կմիջամտեն։ Հիշե՛ք ապրիլը։ Աշխարհը, մեծ հաշվով, թքած ունի թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների վրա։ Իրավիճակն էլ աշխարհում ու տարածաշրջանում այլևս առաջվանը չէ, ու գերտերություններից միայն Ռուսաստանին է, որ միանշանակորեն ձեռք չի տալիս նոր պատերազմը։

 

Ինչևէ, հետաքրքիր կլինի հետևել հայրենասիրական պաթոսակոխ անողներին, ովքեր իրենց առանձնակի բուռն էին ճղում էս օրերին, երբ ու եթե վերոնշյալ կանխատեսումս իրականանա ու թեժ աշունը սկսվի։ Առավել քան վստահ եմ, որ ապրիլի պես է լինելու՝ կեսը կորելու են, կեսն էլ պոպուլիստական բաներ են փորձելու անել, բայց շատ կարճ ժամանակ հետո փոշմանելու են, որովհետև այս անգամ ապրիլի պես չի լինելու։

 

Կոնտսանտին Տեր-Նակալյան