Արցախյան հարցը շարունակում է մնալ աշխարհի գերտերությունների ուշադրության կենտրոնում, որոնցից որոշներն էլ, գուցե հաճախ ելնելով իրենց այսրոպեական շահերից, փորձում են նրբորեն խաղալ հակամարտության կողմերից յուրաքանչյուրի նյարդերի նուրբ լարերի վրա' «մե՛րթ յուղելով, մե՛րթ դաղելով». համաձայնե՛ք' ոչ ոք Ռուսաստանից ավելի լավ հմտացած չէ այս նուրբ գործում…


Բանից պարզվում է' հատկապես հայկական ԶԼՄ-ներում մեծ արձագանք է գտել ՌԴ փոխվարչապետ, հայտնի թուրքասեր Դմիտրի Ռոգոդինի հարազատ «Հայրենիք» կուսակցության երևելի դեմքերից մեկի' Ֆյոդոր Բիրյուկովի' ադրբեջանական «Haqqin.az»-ին տված հարցազրույցը, որում թղթակցի այն հարցին, թե «Հայրենիք» կուսակցությունը ղարաբաղյան հակամարտության ինչ լուծում է տեսնում, Բիրյուկովը պատասխանել է. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա լավ կլինի և արդարացի, եթե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում լուծվի առանց Ռուսաստանի օգնության' ինքնորոշման սկզբունքով, ժողովրդական հանրաքվեի միջոցով և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության պաշտոնական ճանաչմամբ: Բայց այսօր դա դժվար թե հնարավոր լինի, այդ պատճառով էլ Ռուսաստանը ստիպված է մշտապես աջակցել տարածաշրջանի խաղաղության գործում»:


Համաձայնե՛ք' ավելի հայանպաստ պատասխան դժվար էր ակնկալել մեկից, ով ամենասերտ հարաբերությունների մեջ է գտնվում հայտնի թուրքասեր, Բաքվի մեծ բարեկամ հորջորջվող ՌԴ փոխվարչապետի հետ: Թե հատկապես ինչով է պայմանավորված Բիրյուկովի' ազերի լրագրողին տված պատասխանի բնույթը, հնչող կարծիքները բազմազան են ու, անգամ, միմյանց հակասող: Եթե փորձենք խորամուխ լինել խնդրի էության մեջ, ապա պետք է աներկբայորեն պնդենք, որ ռուս քաղաքական գործչի այս տեսակետն ամենևին էլ չի կարող բացառապես պայմանավորված լինել ասենք առաջիկա ընտրություններում հայկական համայնքի համակրանքը շահելու ցանկությամբ. Ադրբեջանական համայնքը հայկական համայնքից թվաքանակով շատ ավելի մեծ է, ու եթե սույն դեմքն ընդամենը ցանկանար, ինչպես ասում են, տոկոս խփել, ապա կարող էր եթե ոչ հայանպաստ, ապա գոնե հավասարակշռված հայտարարությամբ հանդես գալ' ինչ-որ իմաստով յուղ քսելով թե՛ մեր, թե՛ ազերիների սրտերին. այնինչ բոլորովին հակառակ պատկերի ենք ականատես դառնում:

 

Իսկ եթե դա այդպես է, ապա հարց է ծագում' ո՞վ էր այդ հայտարարության իրական հասցեատերը, մի՞թե, այնուամենայնիվ, բաքվեցի բեղավորը. էվրիկա…


Որքան էլ ներկայումս կարող է տարօրինակ հնչել, բայց Անդրկովկասում պուտինյան քաղաքականության թուրքամետությունը կարող է ընդամենը թատերական ներկայացում լինել, որի բուն նպատակը Բաքվին հնարավոր բոլոր մեթոդներով զսպելն է' Ղարաբաղում պատերազմ չսկսելու.Պուտինը շատ լավ է հասկանում, որ ՌԴ սահմանների մոտակայքում նոր ու անկանխատեսելի ելքով պատերազմի բռնկումը ոչ մի կերպ չի կարող բխել Մոսկվայի շահերից, իսկ Ալիևի հետ ինչ-որ իմաստով անհամ սիրախաղն էլ (պետք չէ մոռանալ Բաքվի շառաչուն ժեստը' Պուտինին օդանավակայանում փոխվարչապետի մակարդակով դիմավորելու) ընդամենը նպատակ ունի' կաշառելու, սիրաշահելու Բաքվին' գոնե որոշակի ժամանակով հետաձգելու նոր պատերազմի վերսկսումը' մինչև որ իրավիճակը հնարավորինս հստակեցվի: Ասել կուզի' Պուտինը ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Երևանի համար ամենևին էլ քաղցրահամ շոկոլադ չէ, իսկ ցանկացած քայլ նախաձեռնելիս առաջնորդվում է լոկ ՌԴ ազգային շահերով' մի բան, որ ոչ մի կերպ դատապարտելի չես համարի (ուր է թե մեր ղեկավարությունն էլ Պուտինի կեսի չափ հայրենասեր լիներ ու ընդունակ լիներ ատամներով պաշտպանելու Հայաստանի կենսական շահերը…). մարդն իր երկրի հայրենասերն է, նվիրյալ գործիչ, ի՞նչ կարող ես ասել:

 

Ամենևին էլ չի բացառվում, սակայն, որ այս ամենն ուղղակիորեն պայմանավորված լինի օրերս Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռքբերված որոշակի պայմանավորվածություններով ու մեր նախագահի' «օձը բնից հանելու» բացառիկ ունակությամբ…


Սերժ Սարգսյանը լավ դիվանագետ է, պետք չէ թերագնահատել նրան…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ