Նախնական տվյալներով այս տարվա անցած ամիսներին, իսկ առաջին կիսամյակում' հաստատապես, Հայաստանի Հանրապետությունում նկատվում է անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում նաև` բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքերի աճ:

 

Թե ինչո՞վ է դա պայմանավորված, դժվար է ասել, սակայն փաստը կա:

 

Ինչպես տեղակացավ ԼՈՒՐԵՐ.com-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե անցած տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում արձանագրվել է անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների 50 դեպք, ապա 2016թ. նույն ժամանակաընթացքում նշված հանցագործությունների թվաքանակը 26-ով աճել և հասել է 76-ի:

 

Դրանց թվում աճել է նաև բռնաբարության ու բռնաբարության փորձի դեպքերի քանակը. 2015թ. առաջին կիսամյակում այդպիսի 13 դեպք է գրանցվել, իսկ այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում' 17 դեպք:

 

Այդ դեպքերից մեկն էլ ստորև ներկայացվողն է, բռնաբարությունը, սակայն, կանխվել է ապակյա տարայի հարվածով:

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Կարեն Գալոյանը 2016 թ. ապրիլի 15-ին, ժ. 23:00-ի սահմաններում Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Մ. Տ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ գնացել է նրա տուն, Մ. Տոնականյանին առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Ըստ մեղադրական եզրակացության, Կ. Գալոյանը մերժում ստանալով, Մ. Տ.-ին բռնաբարելու նպատակով նրան բռնությամբ տարել է ննջասենյակ, հրելով գցել մահճակալին, իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով պառկել նրա վրա, փորձել վերջինիս կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունենալ Մ. Տ.-ի հետ: Սակայն, վերջինս դիմադրել է, ապակյա տարայով հարվածել Կ. Գալոյանի գլխին, որից հետո միայն կարողացել է ազատվել նրանից: Համաձայն քր. գործի նյութերի, Կ. Գալոյանն իր կամքից անկախ հանգանմանքներում չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր գործողությունը և հեռացել է նրա տանից:

 

Վերը նշված արարքի համար Կարեն Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի (բռնաբարության հանցափորձը) 1-ին մասի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: