Հայաստանում օրեցօր խորացող քաղաքական ճգնաժամը հետզհետե է՛լ ավելի արտահայտիչ դիմագծեր է սկսում ձեռք բերել: Ու չնայած նորանկախ Հայաստանի պատմության մեջ դժվար է գտնել մի ժամանակահատված, երբ ամեն բան այս առումով նորմալ եղած լինի, բայց այն ինչ կատարվում է ներկայումս, անկասկած, չի կարող համեմատվել որևիցե ժամանակաշրջանի հետ. չկա որևիցե քաղաքական ուժ, կուսակցություն, խմբակցություն, որ ժողովրդի աչքում վարկաբեկված չլինի:

 

Քաղաքական վերնախավից մինչև քաղաքական աղբանոց, հանրահայտ քաղաքական դեմքերից մինչև անհայտ նորաթուխներ՝ ծայրից ծայր վարկաբեկված ու հեղինակազրկված են այն աստիճան, որ նույնիսկ հզորագույն պետական մեքենան՝ իր բոլոր գործիքակազմերով հանդերձ, այդպես էլ ի վիճակի չեղավ փոքր ինչ առողջացնել Հայաստանի ներքաղաքական մթնոլորտը: Հայաստանի ղեկավարության բոլոր ջանքերը՝ երկրում ժողովրդավարության շղարշ ստեղծելու գործում, արհեստական հողի վրա ձևավորված իբր առաջադիմական հայացքներով ներշնչված քաղաքական ուժերը, որոնց ժողովուրդը պետք է դիտարկեր որպես իրական այլընտրանք՝ թե՛ իշխանություններին, թե՛ իրենց ընդդիմադիր հռչակած, բայց արդեն ծերացած կուսակցություններին, ոչ միայն չպսակվեցին հաջողությամբ, այլև ամեն բան է՛լ ավելի փչացրին՝ հայաստանյան ներքաղաքական դաշտը վերածելով գյուղական կրկեսի «վուլգառ» թատերաբեմի, ուր չկա գեթ մեկ խաղացող, որ կարողանար գոնե հանդիսատեսի ժպիտը մի փոքր շարժել:


Եթե փորձենք հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, ստացվեց այնպես, որ ընդամենը մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվեց երկիրը մխրճել քաղաքական ճգնաժամի մեջ, որից, ինչպես երևում է, անցնցում ճանապարհով հնարավոր չի լինելու երկիրը դուրս բերել, վարկածներն ու հիմնավորված պատճառաբանություններն առավել քան բազմաքանակ են: Միակ բանը, սակայն, որ կարող ենք հաստատապես պնդել, այն է, որ երկրում ստեղծված այս անհեթեթ վիճակի հիմնական պատճառը հայաստանյան կուսակցությունների անսկզբունքայնությունն է:

 

Ժողովուրդը, որ երկար տարիներ շարունակ կերակրվել է կեղծ, սին ու անհիմն խոստումներով, ականատես դարձել խաբեությունների,հանուն անձնական շահի իրեն մանիպուլյացիայի ենթարկել ցանկացող «ճարպիկների» զանազան ճամարտակությունների,մինչև կոկորդը կշտացել է բոլորից՝հներից ու նորերից, նրանցից,որոնք այլևս գոյություն չունեն ու նրանցից, որ դեռ նոր արհեստական ճանապարհով պետք է լույս աշխարհ գան. ազգս հոգնել է «քաղաքականություն» կոչվածից,ինչի մասին փաստում են բազմաթիվ սոցիոլոգիական անկախ ուսումնասիրություններ, հարցումներ ու հասարակական կարծիքի ուսումնասիրության համար նախատեսված այլ գործիքակազմեր ու մեթոդներ:

 

«ԼՈՒՐԵՐ.com»-ի անցկացրած վերջին հարցումների տվյալներն, օրինակ, ցույց են տալիս, որ եթե երկրում առաջիկայում քաղաքական ընտրություններ անցկացվեին, ապա ազգաբնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 75,5%-ը, այդպես էլ չէր կողմնորոշվելու՝ ում օգտին քվեարկել, որ քաղաքական ուժին վստահել մեր երեխաների ապագան. ամենապոպուլյար տարբերակը, թերևս, «բոլորին դեմ»-ն է: Ասել կուզի՝ միակ բանը, որ մարդիկ զգում են, հիասթափության, դավաճանված լինելու զգացողությունն է: Իսկ այս զգացողություններն, ինչպես հայտնի է, դատարկ տեղը չեն ծնվում…


Չնայած, կարող էր թվալ, թե երկրում առաջացած ծանրագույն մթնոլորտը պետք է ամեն կերպ նպաստեր «ընդդիմություն» կոչվածի վերազարթոնքին, բայց փաստը մնում է փաստ, որ դրա փոխարեն նույն այդ լարված մթնոլորտը ծնունդ տվեց ամառային ապստամբության, երբ մարդիկ, չտեսնելով այլ ելք՝ սեփական խնդիրները բարձրաձայնելու, դիմեցին զենքի ուժին՝ գոնե ինչ-որ կերպ լսելի լինելու համար.անկասկած, տեղի ունեցածն, առաջին հերթին, հայաստանյան ընդդիմության պարտությունն էր, դրա իսկական գնահատականը, որից պարզ է դառնում՝ այն քաղաքական դիակ է, վաղուց հոտած լեշ, որին անգամ սև ագռավները հավան չեն. հանգամանք, որը ոչ մի կերպ մտահոգիչ չես կարող չհամարել…


Դե իսկ իշխանական կուսակցությունների մասին խոսելն, առհասարակ, ավելորդ է, քանի որ սրանք ուժեր են, որոնք վաղուց ժողովրդի շրջանում ասոցացվում են բացասականի, կործանման, քաոսի, թալանի ու էլի նմանատիպ երևույթների հետ. դրանց անունները դարձել են ամեն վատի յուրօրինակ հոմանիշներ:


Այսպիսին են հայստանյան ռեալները, որոնցից, դժբախտաբար, պրծում ու ազատում չկա:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ