Armtimes.com-ը գրում է.

 

Հայաստանը եւս 2 օր կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. ուրբաթ օրվա համեմատ օդի ջերմաստիճանը մեր երկրում արդեն իսկ 5-6 աստիճանով բարձրացել է եւ բարձրացումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 27-ը ներառյալ: Դրա հետ մեկտեղ մինչեւ ամսի 27-ը չեն սպասվում տեղումներ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 

Օդերեւութաբանը հիշեցրեց, որ ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին, օդի ջերմաստիճանը նվազել էր 9-10 աստիճանով՝ պայմանավորված Սկանդինավիայի շրջաններից մեր երկրին մոտեցած ցուրտ օդային հոսանքներով: Հենց այդ օրերին էլ մեր երկրում գրանցվեց այս աշնան առաջին բացասական ջերմաստիճանները:

 

«2 օր է արդեն լեռնային շրջաններում՝ գրեթե բոլոր բնակավայրերում, ջերմաստիճանը գիշերը -2-4 աստիճան է»,- ընդգծեց Սուրենյանը:

 

Խոսելով ջերմաստիճանի բարձրանալու հնարավորության մասին՝ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալն ասաց, որ առավելագույն ջերմաստիճանները կգրանցվեն վաղը, երբ մայրաքաղաքում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում, Տավուշում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +24 աստիճանի:

 

Սեպտեմբերի 28-ին, սակայն, Սեւ ծովի շրջաններից նոր ցիկլոն կտեղափոխվի մեր երկրի տարածք. օդերեւութաբանի գնահատմամբ՝ նախորդի հետ համեմատած այն բավականին թույլ է եւ առանձնապես լուրջ պրոցես չի հարուցի, ուստի ջերմաստիճանի լուրջ անկում կամ ինտենսիվ տեղումներ չեն սպասվում: «Պարզապես, ամսի 28-ին, հատկապես, ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ եւ օդի ջերմաստիճանն այդ օրը ցերեկը կնվազի մոտ 3-4 աստիճանով եւ Երեւանում չի գերազանցի +20 աստիճանը»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

 

Տեղումներ չեն սպասվում նաեւ սեպտեմբերի 29-ին: Նոր պրոցեսների հավանականություն կա ամսի 30-ին: «Սեպտեմբերի 30-ին ինչ-որ պրոցես է մոտենում՝ այս անգամ Թուրքիայից, բայց շատ անկայուն հետագիծ ունի եւ այս պահին ոչ մի կոնկրետ բան ասել չենք կարող. շատ հեռու է եւ շարժման հետագիծն անկայուն է՝ մեկ թուլանում է, մեկ ակտիվանում, մեկ էլ ուղղությունը փոխում: Մի խոսքով, դեռ դժվար է ասել՝ կմոտենա՞, թե ոչ հանրապետության տարածքին»,- տեղեկացրեց օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: