Երբ Կարեն Կարապետյանը նոր էր դարձել վարչապետ, հանրապետականներից ոմանք մեզ խոստանում էին Սինգապուրի կամ Շվեցարիայի հեռանկարը, իհարկե այս զուգահեռների մեջ ավելի շատ ոչ թե նոր վարչապետին արժևորելու ակցենտ կար, այլ՝ քողարկված հեգնանք: Նույն Շվեցարիան գոնե տեսանելի ապագայում անհասանելի է մեզ համար, հատկապես՝ քաղաքական մշակույթի տեսանկյունից:

 

Օրինակ անցած կիրակի շվեցարիացիները հանրաքվեով մերժել են իրենց կենսաթոշակները տաս տոկոսով ավելացնելու նախաձեռնությունը: Սա խոսում է իրենց պետության հանդեպ քաղաքացիների վստահության մեծ պաշարի մասին: «Շնից մազ պոկելու» տգեղ մտայնությունը Եվրոպայում չի գործում, որովհետև քաղաքացիները պետությունը նույնացնում են ոչ թե իշխանության, այլ հենց իրենց հետ: Իհարկե սրանում մեծ է հենց Շվեցարիայի քաղաքական էլիտայի դերակատարությունը: Այն, ի տարբերություն մերոնց, զբաղված է ոչ թե ալան-թալանով, այլ ռեալիզացնում է իր սոցիալական պատասխանատվությունը: Թերևս դա է պատճառը, որ բարեկեցիկ շվեցարացիները կարծում են, թե պետությունն ունի այլ առաջնահերթություններ ու գոնե այս պահին հարկ չկա բարձրացնել իրենց թոշակները: 

 

Հայաստանի կառավարությունն առայժմ կարողանում է միայն լոկալ խնդիրներ լուծել: Դրական է, որ նոր Կառավարությունը որոշեց աղավնաձորցիների խաղողի մթերման հետևանքով կուտակված պատքերի հարցը լուծել եկխոսության ճանապարհով: Սա արդեն լավ է, և էլ ավելի դրական է այն, որ գյուղացիները կստանան իրենց փողերը՝ թեկուզև մեկ տարի ուշացումով:

 

Վատն այն է, որ նոր կառավարությունն առայժմ չունի խաղողի մթերման ոլորտը կարգավորող գլոբալ ծրագիր, որովհետև դա պայմանավորված է ոչ միայն ու ոչ այնքան ներքին՝ որքան արտաքին խնդիրներով: 

 

Նոր կառավարության հրապարակային հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում, որ մոտ հեռանկարում Հայաստանը կարող է դիվեսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերը: 


Հարկահավաքության ծավալը պետք է մեծացվի: Այդ քաղաքականությունը նույնպես արդարացված է, մանավանդ ենթադրում է ստվերի կրճատում:

 

Բացասականն այն է, որ նոր կառավարությունը դարձյալ պնդում է իր նախորդի նախաձեռնած հարկային օրենսգրքի ընդունումը: Այդ նախագիծը լավը չէ և առավելագույնը գործիք է ներիշխանական հարաբերությունները տնտեսական «ռազբոռկաները» կարգավորելու համար:

 

Դրական նպատակին հնարավոր չէ հասնել սպառված գործիքներով: Կառավարության առաջին քայլերը նույնքան հակասական են, որքան նրա կազմը ու նոր կաբինետից հասարակական սպասելիքները:


Սարգիս Հակոբյան