ուք մեքենա ունե՞ք, եթե այո, ապա այն իրավիճակը, որ ներկայացվելու է, երևի թե, ձեզ ծանոթ է:

Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ վարորդներ, ժամանակ առ ժամանակ, ստանում են ծանուցումներ, որ իրենք չեն վճարել, օրինակ՝ 2014 թվականի X տուգանքը: Մինչ վարորդը մտովի-խելակորույս սկսում է փորփրել ուղեղի ծալքերն ու հիշում է`ինքն այդ վճարումը կատարել է, նույն ծանուցմամբ կարդում է մեկ այլ բոթ՝ նրա բանկային հաշվեհամարը արգելափակված է ԴԱՀԿ-ի կողմից:


Կամ՝ ստանում է ծանուցում, օրինակ՝ 2014 թվականի X տուգանքը չի վճարվել, հետևաբար, գործող կարգի համաձայն, եռապատկվել է ու գործն հիմա դատարանում է: Շարունակությունը նույնն է՝ մինչ այդ վարորդը մտովի-խելակորույս սկսում է փորփրել ուղեղի ծալքերն ու հիշում է, ամեն դեպքում, վճարումը կատարել է, նույն ծանուցմամբ կարդում է մեկ այլ բոթ՝ իր բանկային հաշվեհամարը արգելափակված է ԴԱՀԿ-ի կողմից:

 

Խնդրին չէինք անդրադառնա, եթե մեխանիզմի թերություններն այսքան տարածված և մտահոգիչ չլինեին: Բավական չէ` ամեն աննշան վրիպման համար վարորդները տուգանվում են, դրան է միանում նաև վճարված տուգանքի եռապատկումն ու անտեղի կալանքը: Դե վարո’րդ, արի ապացուցի, որ դու վճարել ես, սակայն համակարգչի դիմաց նստած գեղեցկուհին, ով այդ օրն իր անձնական խնդիրներից ելնելով շատ ցրված էր աշխատում կամ էլ չունի համապատասխան պատրաստվածության աստիճան, համակարգում սխալ է թույլ տվել, արդյունքում`տուգանքդ կեռապատվի և հաշիվներդ կալանքի տակ կհայտնվեն:


Յուրաքանչյուր վրիպում բարդել ցրված աշխատակցի վրա` գուցե հնարավոր է, սակայն անտեղի:


Սա հատուկ մեխանիզմ է օդից փող աշխատելու համար: Իհարկե՝ ոչ ի օգուտ հասարակ անհատի:

 

Շատերը չեն պահպանել տարիների վաղեմություն ունեցող կտրոնները և չունենալով որևէ իրավական հիմք՝ ստիպված են կրկին վճարել:

 

Շատերն էլ` մի կողմ թողնելով փնտրտուքը, շտապում են հաշվեհամարը կալանքից ազատելու համար տուգանքը րոպե առաջ վճարել:

 

Այստեղ ավելորդ վճարներից չես խուսափի, եթե, օրինակ, տուգանքդ հինգ հազար դրամ է, ապաԴԱՀԿ-ն հաշվեհամարդ արգելափակում է տուգանքիդ գումարի կրկնակիի չափով, որի մեջ ներառվում է նաև իրենց ծառայության արժեքը:


Պատմությունն այլ ավարտ է ունենում այն անձանց համար, ովքեր պահել են բոլոր կտրոնները և չեն խուսափում երկար-բարակ քաշքշուքից` փորձում են խույս տալ անիմաստ տուգանքներից:

 

Վերցնում են կտրոններն ու շտապում ոստիկանությունից քաղաքապետարան, փոստից էլ բանկ՝ կախված նրանից, թե որտեղից է գալիս տուգանքը կամ թերացումը:

 

Պարադոքսն այն է, որ բոլոր այդ կառույցներում քեզ ընդունում են ոչինչ չասող դեմքով և ուղարկում մեկ այլ սենյակ՝ ոչ մի տեղ չընդունելով իրենց թերացումը:


Վերջը դատարանն է, որտեղ դու կարող ես քո իրեղեն ապացույց վճարած կտրոնով` դատը շահել, սակայն կորցնել մի փունջ նյարդային համակարգ և որոշակի գումար…

 

Յուրաքնչյուր ամիս` վերին շերտերում աշխատող մի շարք պաշտոնյաների լուռ համաձայնությամբ և ԴԱՀԿ-ի քավորությամբ` շարքային մահկանացուներիցս թալանվում են միլիոնավոր գումարներ, որոնք ուղղված են ոչ բնավ դեպի պետական բյուջե:


Խնդրին կարծես թե որոշել է անդրադառնալ վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց` ֆորմալ առումով:

 

Հոկտեմբերի 20-ին կայացած կառավարության նիստի ժամանակ նա հարցին հպանցիկ անդրադարձ է կատարել.

 

«Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատաման ծառայության վերաբերյալ: Դրանք առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել իր վարչական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում: ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ ձեռնարկել մի մեխանիզմ, որ, մինչ քաղաքացու ունեցվածքի վրա կալանք դնելը, քաղաքացուն տեղեկացվի դրա մասին: Դա կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով»:

 

Վե’րջ:

Միակ փոփոխությունն այն է, որ այսուհետ տեղեկացված ենք թալանվելու:


Անի Սահակյան