ՀՀ անկախությունից հետո ձևավորվեց մի քաղաքական համակարգ, որը քաղաքագիտության մեջ ընդունված է համարել կիսանախագահական կամ հիբրիդային: Այս համակարգն իր մեջ կրում էր ավելի շատ նախագահական համակարգի տարրեր, քան պառլամենտական. երկրում հիմնական խաղացողն ու որոշում կայացնողը համարվում էր նախագահը: Նա էր երկրի գերագույն գլխավոր հրամատարն ու կառավարության ղեկավարը: Այս ֆոնին բավականին քողարկված կերպար էր վարչապետը: Նրա հիմնական գործունեությունը կայանում էր երկրի ներքին կյանքը և տնտեսության վերաբերյալ նեղ խնդիրների կանոնակարգումը (չնայած շատ հաճախ տեսնում էինք, թե ինչպես դասական ժեստով նախագահը վարչապետների «փուռը տալիս»՝ բոլորին ապացուցելով, որ «կինոյի տղեն» ինքն է և բոլոր հարցերը երկրում լուծում է միանձնյա):

 

2015թ.-ի Սահմանադրական հանրաքվեից հետո հայրենի քաղաքական դաշտում տեղի ունեցավ ուժերի դիվերսիֆիկացիա, և նոր Սահմանադրության համաձայն՝ ՀՀ-ն կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելին: Սրանով պարզ դարձավ, որ պետության կառավարման ղեկն իր հերթին պետք է անցնի վարչապետին:

 

Չքննարկելով, թե ով կլինի ՀՀ վարչապետը 2017թ.-ից հետո, պետք է նշեմ, որ քաղաքական սեկտորում որոշակի աշխատանք դեռևս անավարտ էր և համապատասխան անձինք լծվեցին այդ գործի PR-ին: Նախկինում վարչապետի ֆիգուրը թույլ էր և ստվերային, սակայն նոր կարգի համաձայն՝ պետք է ունենանք արմատապես այլ կերպար, և ժամանակակից լեզվով ասած, անհրաժեշտ էր այդ կերպարն ուժեղացել:

 

Մոտ մեկ ամիս առաջ ներքաղաքական դաշտում կտրուկ գործընթաց սկսվեց. Հովիկ Աբրահամյանը «անակնկալ» հրաժարական տվեց, և գրեթե նույն կերպ «անակնկալ» վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Այստեղ էլ սկսվեց քաղաքական դաշտի մի յուրօրինակ խանդավառություն. բոլորը սկսեցին Կարապետյանի մեջ տեսնել այն փրկչին ու ռեֆորմատորին, ում ուղարկել էր բարձրյալը հայ ազգի համար: Տարբեր փորձագետներ ու հասարակական գործիչներ, անգամ ընդդիմադիր թևից անհատներ, Կարապետյանի գալստյան հետ նոր իմպուլսներ ու տենդենցներ սկսեցին ակնկալել: Սակայն այստեղ կան քողարկված որոշակի ենթատեքստեր. վարչապետի կերպարի շուրջ այս աժիոտաժն, ըստ էության, խնդիր ունի հասարակության աչքում բարձրացնել վարչապետի ինստիտուտի լեգիտիմությունը, որը միշտ ստվերում է մնացել նախագահի անձի ֆոնին, իսկ քանի որ նոր սահմանադրությամբ երկրի փաստացի առաջին դեմքը հենց վարչապետն է, Կարեն Կարապետյանով հանրության մեջ աստիճանաբար տեղի է ունենում ուժային կենտրոնի փոփոխություն՝ նախագահից վարչապետին:

 

Հ.գ. Կարապետյանի ՀՀ քաղաքական դաշտ գալու փաստն, ըստ իս, պատկերավոր կարելի է նկարագրել այսպես. Մարդը, գտնվելով խոհանոցում, փորձում է պատրաստել խաշլամա, բայց ունի միայն «բորշչի»  պարագաներ, չունի անգամ միս, որպեսզի մսով «բորշչ» պատրաստի, կկարողանա՞ վարչապետը խաշլամա եփել  …

Արտակ Աբովյան