ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հրավիրված արտահերթ համագումարին պարզաբանելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը միավորվելու հարցը և դիմելով հավաքվածներին ասաց, որ ելնելով Հայաստանում ստեղծված լարված ու անհեռանկար քաղաքական վիճակից և գիտակցելով իրենց պատասխանատվությունը՝ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգման հարցում, «Հայ ազգային կոնգրեսը» կարիք ունի կազմակերպչական և կառուցվածքային փոփոխությունների:

«Փոխվել է քաղաքական իրավիճակը, հաշվի առնելով, որ իշխանությունները իրենց հարազատ ոճով փորձելու են քայքայել ընդդիմությանը, իրենց կողմից ստեղծելու են և արդեն ստեղծում են կեղծ ընդդիմադիր հոսանքներ, մենք գնահատում ենք, որ հասել ենք մի իրավիճակի, որ մարտահրավերներին դիմակայելը ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի խոսքով՝ ՀՀՇ-ն միշտ եղել է համարձակ և ռեֆորմների գնացող կուսակցություն: Ըստ նրա խոսքերի՝ դա հնարավորություն կտա ընդարձակել կառույցը, որի մեջ կմտնեն բազմաթիվ անկուսակցականներ, մտավորականներ:

«Մենք հարցը քննարկել ենք երիտասարդների հետ, ովքեր ավելի ռեֆորմային տրամադրություն ունեն: Կառույցի ավելի ազատականացումը իր շարքերը կներգրավի սոցիալական տարբեր խմբերի, հասարակության տարբեր ուժերի, կբարձրանա նրանց մասնակցությունը՝ որոշումներ կայացնելու գործում և նրանց պաշտպանվածությունը»,- ասաց:

Արամ Մանուկյանն ընդգծեց, որ այս քայլի արդյունքում ՀՀՇ-ն չի լուծարվում, այն ահազանգում է իր քաղաքական, պատմաքաղաքական սեփականատիրական բոլոր տեսակի արտոնությունները, իսկ ստեղծված նոր կառույցը լինելու է ՀՀՇ-ի իրավահաջորդը:

«ՀՀՇ-ն պահպանում է իր կանոնադրությունը և իր անդամակցությունը միջազգային բոլոր կառույցներին: Նշված քայլով պահպանվում են ՀՀՇ բոլոր կառույցները, այն օգտվում է հինգ տարվա ընթացքում ստեղծված լրատվական, մասնագիտական, տարածքային բոլոր միջոցներից և հնարավորություններից, որևէ տարածքային կառույց փոփոխության չի ենթարկվում և ավելի լայն հնարավորություններ է ունենալու»,- ասաց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանի վերջում ավելացրեց, որ իրենք շատ են սիրում իրենց կուսակցությունը և զգալով իրենց անվանափոխության հետ կապված մտահոգությունը, գտնում են, որ փոփոխությունների պահը հասունացել է, և ՀՀՇ-ն համաձայն իր կենսագրությանը' գերակայելով պետական ու շարժման շարունակականության շահը, համագումարը կողմ կքվեարկի: