Գործարար, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ «ՄԱՊ-ի Ալիկը», հավաստիացնում է, որ ինքը հիասթափված չէ իր գործընկերներից և պնդում է, որ գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ինքը դեռևս հստակ որոշում չի կայացրել: ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում պատասխանելով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, պատգամավորը նշեց, որ դրա վերաբերյալ ինքը հստակ որոշում չունի, և ընդգծեց, որ դա բացառապես իր որոշելու հարցն է:

 

Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, թե հաջորդ խորհրդարանում մի շարք պատգամավորների հետ միասին հաջորդ խորհրդարանում չի հայտնվի նաև «ՄԱՊ-ի Ալիկը», քանի որ նա ևս, մյուսների հետ միասին, չի ստացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոն»:

 

Մեր դիտարկմանը՝ ասում են՝ դուք «դաբրո» չեք ստացել, պատգամավորն արձագանքեց. «Բայց ումի՞ց են «դաբրո» ստանում,- ասաց նա, ապա շարունակեց,- որոշում կայացնողը ես եմ, բայց որոշում ու նման ցանկություն՝ դեռ չունեմ»:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի դիտարկմանը՝ ներգրավվելո՞ւ եք ՀՀԿ-ի ցուցակում, Ալիկ Պետրոսյանը նշեց, որ ինքն այդ մասին ևս տեղեկություններ չունի, իսկ ցուցակում հայտնվելու խնդիրը որոշում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Մեր ճշտող հարցին՝ իսկ ցանկություն ունե՞ք դառնալու պատգամավոր, նա կրկին պնդեց, որ չի որոշել: Պնդմանը, որ ցանկությունն ու որոշումը տարբերվում են միմյանցից, նա ավելացրեց, որ եթե ցանկանում են, ապա նաև ընդունում են որոշումը, բայց առայժմ այդպիսի ցանկություն չի առաջացել:

 

Պետրոսյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց նաև, որ ինքը հիասթափված չէ իր գործընկերներից, ուղղակի խնդիրն իր իսկ որոշման մեջ է. «Այսօր աբսուրդ է նման հարցերի շուրջ խոսելը, քանի դեռ հստակություն չկա: Հիմա ես ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև եթե մարդը տրամադրված չէ այդ մասին խոսել, ապա չի կարող ոչինչ ասել: Իսկ մասնակցության, պատգամավոր դառնալ-չդառնալու մասին գրողը գրել է սեփական ցանկությունների մասին: Ես բացարձակ հիասթափված չեմ, պարզապես այդ մասին դեռ չեմ ուզում խոսել: Միակ բանը, որ կարող եմ հաստատ ասել՝ հիասթափություն չկա: Իսկ մամուլը գրում է զուտ սրա-նրա ցանկությունների մասին, այլ ոչ թե իրականությունը, որը ցանկությունների հետ բացարձակապես կապ չունի: Ինչ վերաբերում է հարցին՝ կլինե՞մ հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ՝ որոշողը ես չեմ, այլ կուսակցության նախագահը»,- եզրափակեց պատգամավորը:

 

 Արմինե Եփրեմյան