Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը չափազանց կարևոր է Հայաստան-Իրան՝ առանց այդ էլ բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու առումով: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցին, նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Եթե մենք դիտարկենք նախատեսվող ստորագրվելիք փաստաթղերը, ապա կհասկանանք, որ Իրանը բավականին լուրջ է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Այսինքն՝ գործ ունենք գրեթե բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման հետ, որոնք վերաբերում են այդ հարաբերությունների թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային բաղադրիչներին: Չափազանց կարևոր է Իրանի Նախագահի նաև այն հայտարարությունը, որ Հայաստանն ու հայերին համարում է իրանցիների հետ միևնույն մշակութային և քաղաքակրթության դաշտին պատկանող: Այս տեսանկյունից՝ Իրանի նախագահը այցի ընթացքում շեշտադրել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում և դրանք ավելի ջերմացնել»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ կան տեղեկություններ, որ ստորագրվելիք փաստաթղթերի հետ կստորագրվի նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, արդյոք պաշտոնական Ռուսաստանն ու հայ-ռուսական հարաբերությունները խոչընդոտ չե՞ն հանդիսանա այդ փաստաթուղթը ստորագրելու համար, իրանագետը հավելեց՝ ոչ, քանի որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը միտված չէ որևէ երրորդ երկրի դեմ: «Այս տեանկյունից էներգետիկ ոլորտում հայ- իրանական հարաբերությունների զարգացումը բխում է նաև հենց ռուսական շահերից, քանի որ ռուսական կողմն իր դիրքորոշումները մեր տարածաշրջանում, դիմագրավելու քաղաքականությունից փոխել է մասնակցայինի: Ակնհայտ է նաև, որ Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես դաշնակից պետություն, հետևաբար, խնդիրներ չեն լինի դրա հետ կապված: Հայ-ռուսական հարաբերություններին դեմ չէ նաև Իրանը: Ինձ թվում է, որ ամենաօպտիմալ ձևաչափը կլինի երեք երկրների միջև հարաբերություների ընդլայնումն ու զարգացումը և համատեղ քայլերի համակարգումը: Ամեն դեպքում՝ դա չի նշանակում, թե Հայաստանն ու Իրանը չունեն սեփական օրակարգն ու առաջ չեն պատրաստվում գնալ»,- ասաց նա:

Ի դեպ՝ իրանագետն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ Իրանի նախագահի այցի հետ կապված՝ հարևան Ադրբեջանում վայնասուն է բարձրացել: Ճշտող հարցին՝ ո՞րն է դրա պատճառը, իրանագետը հավելեց, որ Հասան Ռոհանիի այցով ադրբեջանցիներն անհանգստացած են, քանի որ ունեն մտահոգություններ: «Դատելով նրանց ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներից՝ ադրբեջանական կողմը Ռոհանիի այցը դիտարկում է նախևառաջ Ադրբեջանի դեմ ուղղված քայլ: Ակնհայտ է, որ Հայաստանը Իրանի հետ իր համագործակցությունը խորացնելով, առաջին հերթին նպատակ է հետապնդում զարգացնել սեփական տնտեսությունը, բարձրացնել իր աշխարհագրական նշանակությունը և նման քայլերով դուրս գալ ադրբեջանա-թուրքական շրջափակումից: Հանգամանք, ինչը, բնականաբար, չէր կարող չանհանգստացնել Հայաստանի հանդեպ ակնհայտ թշնամանք տածող Ադրբեջանին և Թուրքիային: Բայց, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մենք Իրանի հետ մեր օրակարգն անշեղորեն իրականացնելու ենք՝ առանց ուշադրություն դարձնելու այդ երկրների հիստերիկ արձագանքներին, առանց դիտարկելու կամ հաշվի առնելու տարբեր անհանգստություններ՝ մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների կողմից: Կա հայտնի մի ասացվածք. Շունը կարող է հաչել, իսկ քարավանը՝ շարժվել»,- եզրափակեց նա:

Արմինե Եփրեմյան