Կարեն Կարապետյանը շարունակում է հանդիպումներ ունենալ մարզային ու համայնքային իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով, ըստ էության, մոտիկից ծանոթանալ տարիներով կուտակված խնդիրներին: Իսկ այն, որ այստեղ կուտակված խնդիրներն, իրոք, անհատակ են, կասկածից վեր է, քանզի ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ մեր երկրին բնորոշ խորն աղքատությունը հատկապես ցցուն կերպով է արտահայտված հենց համայնքներում ու մարզերում, ուր վաղուց գերխնդիր է դարձել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին արտագաղթը. Հայաստանի մարզերը հետզհետե դատարկվում են:


Օրերս, ինչպես հայտնի է, Կարապետյանն այցելել էր Արարատի մարզ: Վարչապետի այցն Արարատ, պետք է նկատել՝ բավական տարօրինակ մթնոլորտում էր անցել. նախ՝ հանդիպմանը բացակայել են մի շարք համայնքապետեր, երկրորդ՝ Կարապետյանը, հավատարիմ բիզնեսմենի յուր մտածելակերպին, ներկա գտնվող մի շարք համայնքապետերին, որպես ֆինանսական իրավիճակը շտկելու ուղի, կոչ է արել որքան հնարավոր է՝ արագ իրականացնել պետական ապարատի օպտիմալացում ու գնալ կադրային ջարդի ուղիով՝ արագորեն ազատվելով «պետության վզին բեռ դարձած աշխատողներից»: Ավելին՝ փորձել է անձամբ պարզել, թե եթե պետությունը որևիցե ֆինանսական ծրագիր կամ աջակցություն տրամադրի համայքներին, փոխարենն ինչ է ստանալու։

 

Ընդհանրապես, պետք է նկատել, որ կրճատումներն ու պետական սեկտորում զբաղված մարդկանց նկատմամբ այսօրինակ կամայական վերաբերմունքը վաղուց բնորոշ են դարձել վարչապետ Կարապետյանի կառավարման կերպին. այնպիսի տպավորություն է՝ կարծես Հայաստանի թիվ մեկ գերխնդիրն, ասենք, ոչ թե ստվերի դեմ պայքարն է կամ արտագաղթի դեմն առնելն, այլ աշխատավոր մարդը: Ճիշտ է՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե Կարապետյանի նպատակը ոչ թե ասենք մարդկանց ամեն գնով անգործ թողնելն է, այլ՝ պետական ապարատի օպտիմալացումը, սակայն հետզհետե ակնհայտ է դառնում այն, որ Կարապետյանի՝ այս խնդրի շուրջ գերկենտրոնացվածությունն անխուսափելիորեն վերածվում է մարդկանց գլխին կատարյալ փորձանքի. ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի սելեկտիվ ցրումից հետո հերթն, ըստ էության, համայնքային կառույցներինն է, ու, ամենայն հավանականությամբ, պետք է պատրաստվել արտագաղթի հերթական մեծ ալիքին Հայաստանում:


Չնայած ոմանք վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցած դրական հատկանիշներից ամենագլխավորը համարում են նրա՝ լավ մենեջեր լինելն ու բիզնես մտածելակերպ ունենալու հանգամանքը, աշխատելաոճը, որ որդեգրել է Կարապետյանը պետական բարձրագույն ու խիստ պատասխանատու պաշտոնում, որևիցե կերպ արդարացված չես համարի՝ առնվազը մի քանի հանգամանքներով պայմանավորված: Բանն այն է, որ պետության խնդիրը պետք է լինի ոչ թե սեփական ուսերից պատասխանատվությունն ամեն գնով թոթափելն ու, կոպիտ ասած, «ձեռքերը լվանալն», այլ, առաջին հերթին, սոցիալական բարձր պատասխանատվություն կրելուն ունակ գտնվելը:


Թե մարդկանց իրենց աշխատավայրերից դուրս շպրտելով Կարապետյանն ինչին է կոնկրետ փորձում հասնել, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ հասկանալի չէ. պետության խնդիրը պետք է լինի առաջին հերթին պետական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործումն, այլ ոչ թե մարդկային ճակատագրերի հաշվին մի քանի կոպեկ «հետ գցելը»: Ասենք՝ Հայաստանի բնակչության թվաքանակի հաշվին (կասկածից վեր է, որ անաշխատանք մնացողների բացարձակ մեծամասնությունը վաղ թե ուշ բռնելու է արտագաղթի ճամփան) մի քանի հարյուր հազար դոլար էլ հետ գցեցին, հետո, հետո ի՞նչ են անելու…

 

Իհարկե, դժվար է չհամաձայնել այն պնդման հետ, որ Հայաստանի պետական ապարատն ընդհանուր առմամբ բավական ուռճացված է, սակայն խնդրին լուծում տալուց առաջ հարկավոր է լրջորեն գնահատել այն ռիսկերն ու վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ միանգամայն կամայական կրճատումների արդյունքում. Հայաստանում աշխատատեղեր առանց այն էլ գործնականում չկան, ու ամենևին էլ պարզ չէ, թե տոտալ կրճատման տակ հայտնված քաղաքացիներն ինչպես են հետագայում վաստակելու իրենց մի կտոր սև հացը. նախ՝ լուծեք մարդկանց զբաղվածության խնդիրը, հետո անցեք օպտիմալացմանը:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ