Վերջերս փոփոխության ենթարկվեց Տրանսպորտի և կապի նախարարության անվանումը: Վարչապետի առաջարկով անվան մեջ ավելացվեց «տեղեկատվական տեխնոլոգիաներ»-ը, ինչը ենթադրում է, որ այս գերատեսչությունը պետք է զբաղվի նաև ՏՏ ոլորտի բարեփոխումներով և նոր ներդրումների ներգրավմամբ: Հաշվի առնելով, որ տրասնպորտի և կապի ոլորտը մեր երկրում ամենաողբալի վիճակում գտնվողներից է, նույնիսկ խուսափում ենք մտածել՝ ի՞նչ ապագա է սպասվում մինչ այս՝ քիչ թե շատ հաջողություններ արձանագրած ՏՏ ոլորտին:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի համար մի շարք առաջնային հիմնահարցեր պետք է կարևորվեին. Հիմնահարցեր, որոնց լուծմանը հանրությունը սպասում է ոչ մեկ տարի: Խոսքը անշուշտ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը ի վերջո ավարտին հասցնելն է: Նույնիսկ ամենալավատեսներն են սկսել կասկածանքներ հայտնել, որ այս նախագիծը ի վերջո կյանքի կկոչվի: Այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները Հյուսիս-Հարավ բևեռներն են միմյանց կապում, այլ ոչ թե հանրապետական նշանակության մայրուղի կառուցում:

Նախարարը պատշաճ կերպով չի արձագանքում նաև այն բազմաթիվ բողոքներին, որոնք հնչել և հնչում են՝ կապված ճանշինի աշխատանքների որակի հետ: Միթե՞ նորանշանակ նախարարը չի տիրապետում իրավիճակին, կամ օրական գոնե մեկ անգամ թերթում հայկական մամուլի էջերը: Միթե՞ իրեն՝ անձամբ, ոլորտում առկա այս վիճակը գոհացնում է և բավարարում: Բազմաթիվ հայ վարորդներ արդարացիորեն բարձրաձայնում են, կապի և տրանսպորտի նախարարության չինովնիկների անգործության մասին, ու, եթե վերջիններս բարեհաճեն իրենց տաքուկ աշխատասենյակներից դուրս գան և ուղղություն վերցնեն դեպի Հայաստանի դժվարանցանելի և սառցեպատ ճանապարհները, ապա իրենց մաշկի վրա կզգան այս շիլաշփոթը:

Նրանք ովքեր ժամանակին իրենց դժգոհություններն էին հայտնում Կապի և Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի աշխատանքից, այժմ գիտակցում են նրա ղեկավարման տարիներին ոլորտում գրանցած դրական փոփոխությունների այն ծավալը, որոնք ակնհայտ են դառնում այսօր, երբ չունենք որևէ շարժ և դրական միտումներ:

Նորանշանակ նախարարի համար թերևս սա նոր փորձություն է: Ինչ խոսք սա Ռոստելեկոմը չէ, սա կոմերցիոն նախագիծ չէ, սա մեր երկրի անվտանգության տեսանկյունից թերևս ամենակարևոր ոլորտներից մեկն է, որը աչալուրջ և խորքային աշխատանք է պահանջում, ինչին այսօր, ցավոք, ականատես չենք լինում: Խնդիրները կուտակվում են, լուծումը՝ ձգձգվում:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ