Անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում միջազգային այն կազմակերպություններին, որոնք պարբերաբար ինդեքսներ են հրապարակում աշխարհի այս կամ այն երկրում ժողովրդավարության վիճակի մասին, ոչ ոք չի կարող հերքել այն իրողությունը, որ աշխարհում պետությունների մասին կարծիք կազմելիս համապատասխանները նախևառաջ աչքով են անցկացնում հենց այդ նույն ինդեքսներն ու վիճակագրությունները՝ պատկերացում կազմելու իրենց հետագա անելիքների մասին:

Այս իմաստով՝ այս ինդեքսներում Հայաստանի զբաղեցրած տեղն ու դիրքը, ինչ խոսք, մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ աշխարհի հետ մեր շփումներն է՛լ ավելի ինտենսիվ դարձնելու, որպես վստահելի գործընկեր հանդես գալու ճանապարհին հենց նմանատիպ բաներն են, որ էական դեր են խաղում. Հայաստանի «իմիջի» իմաստով այս ամենը խիստ կարևոր է:

Օրերս, ինչպես հայտնի է, «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել էր իր հետազոտման արդյունքերը՝ վերաբերող աշխարհում ժողովրդավարության վիճակին: Միգուցե ոմանց համար անակնկալ կերպով այդ զեկույցից պարզվել էր, որ Հայաստանը բավական մեծ հետընթաց է ապրել աշխարհի երկրների վարկանշային ցուցակում՝ ժողովրդավարության մակարդակով զբաղեցնելով ընդամենը 120-րդ տեղը. Հայաստանն այլևս ավտորիտար երկրների խմբում է:

Թե ինչպես պատահեց, որ առաջընթացի փոխարեն այս տարիներին մենք, փաստացի, հետընթաց ենք արձանագրում ոչ միայն տնտեսությունում, ուր իրավիճակն առավել քան աղետալի է, այլև՝ ժողովրդավարության ասպարեզում, բացատրություն գտնելն առավել քան դյուրին է. այս ամենի պատճառն, անկասկած, իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի կողմից վարվող հստակ մշակված ու լավ պլանավորված քաղաքականությունն է, որ ամեն կերպ առաջ է մղվում՝ սեփական ձեռքերում կենտրոնացնելու երկրի ողջ հարստությունն ու քաղաքական իշխանությունը:

Ինչ խոսք՝ ստեղծված իրավիճակում հասարակության դերը ևս անտեսել չի կարելի, քանզի որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, սակայն, որ Հանրապետականի ջրաղացին ջուր լցնողներից մեկն էլ կամա-ակամա նաև հասարակությունն է հանդիսացել՝ նախևառաջ իր պասիվ պահվածքով. մարդիկ, հոգնած ու հուսալքված ամեն ինչից, ոչ մի կերպ չեն ընդդիմացել իշխանությունների կամայականություններին:

Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ո՞րը կարող է լինել ստեղծված իրավիճակից միակ ելքը: Իսկ ճանապարհն այս պարագայում միակն է՝ քաղաքականապես ակտիվանալն ու առաջիկա ընտրություններին պատշաճ վարքագիծ դրսևորելը. 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության զարգացման հեռանկարի առումով, անկասկած, գերկարևոր են լինելու:

Հասարակության առաջ, սակայն, մեկ այլ խնդիր ևս ծառացած է մնում՝ կապված հենց առաջիկա կարևորագույն քաղաքական իրադարձության հետ. ո՞ւմ տալ սեփական քվեն, ո՞ւմ վստահել Հայաստանի վաղվա օրը, ո՞ր գործչի հետևից գնալ: Չէ՞ որ ցանկացած վրիպում կարող է ճակատագրական լինել երկրի ապագայի համար, ու այդպես էլ թաղված մնանք իշխանությունների առաջացրած ճահճում:

«Ում հետևից գնալ» հարցին ճիշտ պատասխան գտնելը, չնայած ընտրության բազմազանությանը, թերևս, այնքան էլ դժվար չի լինելու. կողմնորոշվելիս հարկավոր է ընդամենը համեմատության մեջ դնել ասպարեզում եղած գործիչների տվյալները, նրանց անցած ուղին ու սեփական խոսքին տեր կանգնելու ունակությունը. խոստումներ ու համադամ ելույթներ դեռ շատ ենք լսելու, հետևաբար՝ ակնհայտ է, որ խոսքերով չէ, որ պետք է կարծիք կազմել այս կամ այն գործչի մասին: Պետք է ընտրել այնպիսի մեկին, ով կունենա այնքան բարոյականություն, որ ժողովրդի քվեն կամ, քաղաքագիտական լեզվով ասած, սեփական քաղաքական կապիտալը իշխանությունների առաջ վաճառքի չի հանի ու չի դավաճանի. այս իմաստով ամեն մեկի անցած ուղին խոսելու է իր փոխարեն՝ կա՛մ զրոյացնելով, կա՛մ առավելագույնի հասցնելով ընտրվելու հնարավորությունները:

Անկասկած է՝ Հայաստանը կարող է առաջընթաց արձանագրել միայն այն ուժի հովանու ներքո, որն իր առջև գերխնդիր չի դնում հավերժանալու կամ վերածվելու բացարձակ հեգեմոնի. քաղաքական ուժի գերխնդիրը պետք է լինի ոչ թե սեփական նեղ շահերի սպասարկումն, այլ՝ Հայաստանի խնդիրների շուտափույթ լուծումը, որին հասնել առանց հասարակության աջակցության անհնարին է լինելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ