Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրումը սահմանային նոր լարված իրավիճակ է ստեղծել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ այս առումով Ադրբեջանի քաղաքականությունը շարունակական է. այսօր էլ նույնն է, ինչ եղել է 1991-1992 թվականներին։

 

«Ադրբեջանցիները օգտագործում են ամեն հարմար առիթ, որպեսզի ցույց տան, որ թիրախի ընտրության հարցում որևէ սահմանափակում չունեն և հանգիստ կարող են կրակել խաղաղ բնակչության վրա։ Ռազմական հանցագործություններ կատարելու ձգտումը այսօր ևս դրսևորվում է, որի վերջին ամենացայտուն օրինակը եղել է Թալիշում, երբ ադրբեջանցի զինվորականների կողմից երեք ծեր մարդիկ էին խոշտանգվել»,- նշեց քաղաքագետը։
Նա կարևորեց, որ Ադրբեջանը մշտապես օգտագործում են այդ դաժանությունը և այդպիսով առաջ տանում իր քաղաքական շահերը։

 

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։


ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր։ Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ։ Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում։ Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։