Օրերս «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեց Ֆրանսիայի Վանսէն քաղաքի քաղաքապետ, Վալ Դէ Մարն նահանգի Ժողովրդական ու Անկախ կուսակցության (UDI) գլխավոր քարտուղար, Փարիզի ու Շրջակայքի Մարզային խորհրդի ավագ ներկայացուցիչ, Մեծ Փարիզի փոխնախագահ, Ֆրանսիայի Սենատի առաջիկա ընտրության թեկնածու Լօրան Լաֆոնին:

Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ծավալած գործունեությունը եւ հետաքրքվածությունը ներգրավվելու իր աշխատանքներում Արեւմտյան Եվրոպայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ հայցեց Վանսէնի քաղաքապետի աջակցությունը Փարիզում նման համագործակցության հարթակի ձեւավորման հարցում:

Պարոն Խուրշուդյանը նաեւ ներկայացրեց Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը նախընտրական այս շրջափուլում, քաղբանտարկյալների առկայության փաստը ինչպես նաեւ Հաց Բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի վերջերս տեղի ունեցած ապօրինի եւ ամոթալի կալանավորումը: Նա նաեւ ներկայացրեց լարված իրավիճակը Ադրբեջանա-Արցախյան սահմանի վրա եւ ալիեւյան վարչախմբի ագրեսիվ եւ հակահումանիտար քաղաքականության ռիսկերը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համար՝ պատերազմի վերսկսման հավանականության տեսանկյունից:

Վանսենի քաղաքապետը իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի եւ Արեւելյան գործընկերության մյուս երկրների քաղաքացիական հասարակությունների գործունեությամբ հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունենքրի պաշտպանության: Նա նշեց, որ շատ բաների մասին, որոնք նշվեցին Հովսեփ Խուրշուդյանի կողմից նա տեղյակ չի եղել եւ որ դրանք հաշվի կառնի իր հետագա գործունեության ընթացքում:

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ լրատվական ծառայություն