Եթե չլինեն օբյեկտիվ պատճառներ, մեր ժողովուրդը դուրս չի գա փողոց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը՝ շեշտելով, որ մյուս կողմից էլ ընտրակեղծիքներն այնքան զանգվածային բնույթ են կրել, որ ժողովրդին ոչ մի բան չի մնում անել, բացի հրապարակ դուրս գալուց: Նա նշեց, որ պետք է գտնել այն հանգուցալուծումը, որը կբավարարի կողմերին:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, նշեց, որ այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ չենք կարող էմոցիաներով շարժվել: Նա նշեց, որ ընտրությունների արդյունքների հետ ամբողջ հասարակությունը չի կարող համակարծիք լինել, իսկ լուծումը երկխոսություն սկսելն է:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը չունի այն փաստերը, որի մասին խոսում է, եւ նրա համար անհասկանալի է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ փաստաթղթեր է ներկայացնելու Սահմանադրական դատարան: «Իմ անհանգստությունն այսօր Ազատության հրապարակում հավաքվող այն մարդիկ են, ովքեր դժգոհություն ունեն, որոնք 37-38 տոկոսով ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, որոնք դժգոհ են իշխանության վարած քաղաքականությունից»,- ասաց նա՝ շեշտելով, որ բոլորի անելիքը պետք է լինի այդ մարդկանց հետ հաշվի նստելը, անելիքները որոշելը եւ երկխոսելը:

Իրավիճակից բանախոսները տարբեր ելքեր են տեսնում: Վարդան Խաչատրյանը «խնայողական տարբերակով» իրավիճակը հաղթահարելը տեսնում է խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման մեջ: Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ ելքը համաձայնության կառավարությունն է, «Ժառանգությունից» եւս լինեն նախարարներ եւ տեսնեն՝ իշխանության մեջ ինչպես են աշխատում: Նա ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավոր չի համարում, նախ դրա համար իրավական նորմ չկա, եւ հետո կարծում է, որ խորհրդարանական ընտրություններին քիչ ձայն ստանալով, իսկ նախագահականին՝ շատ, «Ժառանգությունը» փորձում է այս իրավիճակը օգտագործել որպես ռեւանշ՝ շատ ձայներ ստանալ եւ մեծամասնություն կազմել ԱԺ-ում: