«Մենք քարոզում ենք ազատ ընտրություն՝ այդ թվում և տնտեսական ազատության մասին է խոսքը: Օրինակ՝ ինչո՞ւ պետք է մեր երկիրը գնա ԵՏՄ, որտեղ միայն անկում ենք ապրում»,-այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը:

 

Խոսելով ԵՏՄ-ի հետ Հայաստանի հետ համագործակցության մասին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցում է այնպիսի պայմաններում, որը վերջիվերջո բերելու է քաղաքական զիջումների: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ի՞նչ կարելի է սպասել քաղաքական զիջումներ ասելով՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է տարածքային զիջումներին, որը կպարտադրի մեզ մեր համար փրկիչ համարվող Ռուսաստանը: 

 

«Մեր ռազավարական ընկերոջ հետ պետք է գործակցենք որպես գործընկերներ, հակառակ դեպքում՝ տարածքներ ենք զիջելու, բոլոր քայլերը դրան են տանում: Հիշեք Միլլերի հայտարարությունն, ով ասում է՝ «գազի գնի իջեցում՝ ձեր երկրում փնտրեք»»:

 

Հրանտ Բագրատյանը խոսեց նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից ընթացող քարոզարշավի մասին, այն որակեց նորմալ և կարգավորված: Հարցին՝ ինչպես են պայքարելու թաղային հեղինակությունների դեմ՝ բանախոսը պատասխանեց. «Եթե թաղային հեղինակությունները դիմեն զենքի,  մենք էլ կդիմենք զենքի,  կռիվ կտանք թաղային հեղինակությունների հետ: Մենք այլ տարբերակ չունենք նրանց հետ պայքարելու համար»:


Հրանտ Բագրատյանը նաև խոսեց հայաստանյան պետական համակարգերի որակի մասին՝ դրանք որակելով կաշառված. բոլորին ավլել-սրբել է պետք, բոլորին պետք է հեռացնել և աշխատանքի ընդունել նոր երիտասարդների: Կրթական համակարգը ամենակոռումպացվածն է, պետք է մաքրել»,-ասաց պատգամավորի թեկնածուն:

 

Աղավնի Սուքիասյան