Ինչպես հայտնի է, «Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ մարտի 19-20-ը Ստեփանակերտում կայանում էր բլոգերների միջազգային ֆորում, որին իրենց մասնակցությունն էին բերել շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից, իսկ ֆորումի գլխավոր թեմաններն էին՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

Ֆորումն այս, սակայն, հետաքրքրական էր ոչ միայն դրանում քննարկման առարկա հանդիսացող թեմաների բովանդակության տեսանկյունից, որոնցում հստակ ենթատեքստ կար, այլև աշխարհագրությամբ. Արցախի՝ հանդիպման վայրի ընտրությունն ամենևին էլ պատահական չէ և իրականում հետևանք է շատ ավելի խորքային գործընթացների, քան ոմանք կարող են նույնիսկ պատկերացնել. աշխարհն աչքներիս առաջ «տրորում է Ադրբեջանի քիթը»: Ի դեպ՝ նշենք, որ այս ֆորումին իրենց մասնակցությունն էին բերել նաև Իսրայելից ու Բելառուսից ներկայացուցիչներ, ինչը, հարկ է նկատել, ամենևին էլ պատահական չէր:

Եվ այսպես, ի՞նչ է սա նշանակում կամ ինչո՞ւ հենց Արցախն ընտրվեց որպես ֆորումի անցկացման վայր: Կասկած լինել չի կարող այն բանում, որ սա Մոսկվայի ու Թել Ավիվի կողմից Ալիևին ուղղակիորեն հասցրած ապտակ է, Լապշինի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հակաօրինական ու անմարդկային քայլերի տրամաբանական ու բավականին չոր պատասխանը: Սա, եթե կուզեք, նաև հայկական կողմի շռնդալից հաղթանակն է ընդդեմ Բաքվի՝ հատկապես քարոզչական ճակատում, ու վկայությունն այն բանի, որ տարածաշրջանում Ադրբեջանի դիրքերը խիստ թուլացել են, իսկ Ալիևն էլ վերածվել է աննշան մի երևույթի. ոչինչ այնքան շատ չէ բլոգերների այս հանդիպման մեջ, որքան աշխարհաքաղաքականությունը:

Հարց է ծագում՝ ինչպե՞ս պատահեց, որ միառժամանակ առաջ հզորների սիրելին դարձած Ալիևն, այսօր ստիպված է համակերպվել իր չարքաշ կագավիճակի հետ: Պատճառը մեկն է՝ ազերիների չափից դուրս ոգևորվածությունը: Բաքվին մի պահ թվաց, թե կարող է ասենք, ոտք մեկնել գերտերությունների հետ ու, եթե հարկ լինի, նաև տրորել նույն այդ գերտերությունների ոտքը: Ալիևին թվաց, թե աշխարհն առանց իր նավթի յոլլա գնալ չի կարող, իսկ ծովն էլ ծնկներից է, ու փորձեց ոտք մեկնել ասենք Իսրայելի ու Ռուսաստանի հետ՝ առհամարհելով այդ երկուսի կարծիքը մի հարցում, որն անմիջականորեն առնչվում էր այդ երկուսի արժանապատվությանը: Արդյունքում՝ ինքն իր ձեռքով ու սեփական նախաձեռնությամբ սկսեց նպաստել Արցախի միջազգային ճանաչման գործընթացի աշխուժացմանը. հասարակական կարծիք ձևավորողների՝ բլոգերների մասնակցությամբ անցկացվող ֆորումը դեռ սկիզբն է մեծ գործընթացի:

Անկասկած է, որ Արցախում տեղի ունեցածը հայաստանյան դիվանագիտության տարած հաղթանակն է ընդդեմ Բաքվի ստի ու ստորության: Այս պարագայում հստակորեն համընկել են գերտերությունների ու մեր շահեը, որի արդյունքում էլ ականատես ենք դառնում Բաքվի մասսայաբար ստորացմանը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ