ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, որ զինված խմբի գործով կալանավորված ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը գնալով վատանում է: Մեզ հետ զրույցում Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալի վիճակն անընդհատ վատանում է.  

«Վահան Շիրխանյանին հիվանդանոցից դուրս գրելուց հետո տեղափոխել են ՔԿՀ-ի ամենավատ ու խոնավ խուցը: Ինչո՞ւ են արել նման բան: Այնտեղ առողջ մարդը մի քանի օրում հիվանդություններ կստանա: Ինչո՞ւ են տարել այդ խուցը, եթե նրանց նպատակը Շիրխանյանին սպանելը չէ կամ եթե իրենք այդպիսի ցուցում չունեն: Շիրխանյանը պետք է գտնվեր 4 տարբեր պրոֆիլների բժիշկների հսկողության տակ, սակայն այդ բժիշկներից ոչ մեկը չէր եկել նրան տեսակցության: Նա քրեակատարողական հիմնարկում բուժում չի ստանում»,-ահազանգել էր պաշտպանը: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից ասացին, որ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ: 

«Իհարկե, ցանկալի կլիներ, որ, այնուամենայնիվ, պաշտպանը կողմնորոշվեր, թե ի վերջո քանի՞ դեղամիջոց է նշանակվել Վ. Շիրխանյանին և ավելացներ, թե ինչու դրանց մի մասը քրեակատարողական հիմնարկի կողմից չի տրվել իր պաշտպանյալին, որովհետև ցանկացած արհեստավարժ փաստաբան՝ շատ լավ գիտի դեղամիջոցների տրման կարգը, համաձայն որի՝ որոշ դեղամիջոցներ, ընդգրկված չլինելով Ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների, այդ թվում՝ դեղորայքի միասնական անվանացանկում, չեն կարող տրամադրվել կալանավորված անձին կամ դատապարտյալին:

Այդուհանդերձ, ի գիտություն բոլոր շահագրգիռ անձանց, չենք զլանա ևս մեկ անգամ հանրությանը իրազեկել, որ կալանավորված անձ Վ. Շիրխանյանին նշանակված 7 անուն դեղորայքից տրվել են նրանք, որոնք ընդգրկված են վերոնշյալ անվանացանկում»,-ասված է հայտարարության մեջ: 

Իսկ Շիրխանյանին բժիշկների չտեսակցելու վերաբերյալ պաշտպանի հայտարարության մասով, քրեակատարողական վարչությունից նշում են՝ կալանավորված անձ Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրվանից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում՝ 11 անգամ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում քաղաքացիական տարբեր բժշկական հաստատություններում, այդ թվում՝ իր նախընտրած կենտրոններում և իր նախընտրած բժիշկ-մասնագետների կողմից ենթարկվել է 20-ից ավելի տարատեսակ հետազոտությունների (ստորին վերջույթների դուպլեքս, համակարգչային, մագնիսա-ռեզոնանսային հետազոտություններ, լաբորատոր տարաբնույթ քննություններ և այլն):

«Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, թե «համարյա երեք շաբաթ՝ բացի ՔԿՀ բժշկից ոչ մի նեղ մասնագետ բժիշկ չի գնացել Շիրխանյանի մոտ: Այդ պրոֆիլային բժիշկներն այցելել են միայն այն բանից հետո, երբ պաշտպանը հերթական բողոքներն է ներկայացրել Արդարադատության նախարարություն ու Քրեակատարողական վարչություն», ապա նշենք, որ թերևս ցանկացած բժիշկ կփաստի, որ բժիշկների պրոֆիլակտիկ հսկողության տակ գտնվելու ցուցումը չի ենթադրում նեղ մասնագետների ամենօրյա այցելություն»,- հավելում են վարչությունից: