Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո մենք տեսնում ենք ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրացում: Նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ խոսելով տարածաշրջանում, ինչպես նաև արաբական երկրներում, մասնավորապես Սիրիայում, տեղի ունեցող զարգացումների մասին:

 

Անդրադառնալով հարցին՝ թե որքանո՞վ այդ հարաբերությունները կանդրադառնան Հայաստանի վրա, Շաքարյանցը նշեց. «Այդ հարաբերությունները՝ ուզած, թե չուզած՝ ազդեցություն կգործեն Հայաստանի վրա՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, քանի որ Թուրքիայի հետ սահմանակից ենք, իսկ Ռուսաստանի հետ՝ որոշ առումներով գործընկեր, և ուզած-չուզած՝ այդ փոփոխությունները կազդեն մեզ վրա»

 

Նրա կարծիքով՝ երբ Ռուսաստանը ռազմական տեխնիկա էր վաճառում Ադրբեջանին, շատ լավ գիտեր՝ ում դեմ է օգտագործելու. «Ինչ է՝ Ռուսաստանը չգիտե՞ր՝ ում դեմ են օգտագործելու, Իրանի՞, իհարկե, ոչ, քանի որ վախենում են այդ երկրի իշխանություններից: Զենքը կիրառելու են հայերի դեմ: Ինչում, որ մեղադրում ենք ՌԴ-ին, պետք է մեղադրենք նաև Ամերիկային և Իրանին և Իսրայելին, այն է՝ ռազմական օգնություն Ադրբեջանին»:


Շաքարյանցի խոսքով՝ մեր իշխանությունները խոսում են ներդրումների մասին, բայց չեն խոսում այս հույժ կարևոր խնդիրների մասին, չեն խոսում թե ով է զինում թշնամական երկրին. «Թքած ունենք այդ ներդրումների վրա: Մեզ ասում են՝ դե ոչինչ էլի, նորմալ է զենք վաճառելը: Ի՞նչն է նորմալ, երբ 18 տարեկան երիտասարդները զոհվում են սահմանին: Ուրեմն՝ դու հայ չես, թուրք ես, հրեա ես»,- ասաց նա՝ դիմելով իշխանություններին:

 

Քաղաքագետը զարմանում և մի փոքր էլ զայրանում է. անցել է ավելի քան 20 տարի, Հայաստանում տղամարդ չկա՞, որ լուծի մեր խնդիրները:


Սոնա Հարությունյան