Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է զբոսաշրջության նպատակով 4 քարանաձավներ եւ մեկ քարանձավախումբ 5-ական տարով վարձակալության տալու մրցույթ ( կնքվելիք պայմանագրի պահանջները լավագույնս կատարելու դեպքում՝ հաղթողը հնարավորություն կունենա առանց մրցույթի՝ եւս 20 տարով վարձակալելու տվյալ քարանձավը կամ քարանձավները. ամեն անգամ՝ 5 տարով)։

Խոսքը վերաբերում է «Մագելանի», «Թռչունների», «Արջի», «Մոզրովի», «Քարե դռներ» քարանձավներին, որոնք պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեն։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, խոսելով Մշակույթի նախարարության այս որոշման մասին, նշեց, որ ինքը դեմ չէ, որ Հայաստանում գտնվող քարանձավները տրվեն վարձակալության, սակայն կա մի բայց, որից կախված է լինելու նախարարության այս քայլի արդյունավետությունը. «Ամբողջ աշխարհում ընդունված է զարկ տալ զբոսաշրջությանը, բնական հուշարձաններն ամբողջ աշխարհում տրվում են վարձակալությամբ: Օրինակ՝ Իրանում կան հոյակապ քարանձավներ, որոնք գրագետ ձևով տրվել են վարձակալության, և ֆանտաստիկ քանակով զբոսաշրջիկներ են այցելում այդ տարածքներ: Խնդիրն այստեղ այն է, որ հարցին պետք է գրագետ մոտենալ»:

Ըստ հուշարձանագետի` այն հուշարձանները, որոնք նախարարությունը պատրաստվում է տալ վարձակալության, պատմական հուշարձաններ չեն, դրանք բնական հուշարձաններ են, որոնց պարագայում աշխատանքի են անցնում ոչ թե ճարտարապետները, այլ հնագետներն ու երկրաբանները:

«Բնական հուշարձանների պարագայում՝ պետք է աշխատեն ոչ թե ճարտարապետներն, այլ երկրաբանները: Սա պարտադիր պայման է, որ չվնասվեն այդ քարանձավները:  Ես կողմ եմ նախարարության այս որոշմանը, բայց ունեմ մի մտավախություն: Եթե մրցույթով մի բիզնեսմեն գա և տնօրինի այդ քարանձավները, մտավախությունս այն է, որ նա չառաջնորդվի գեղեցիկի իր ընկալմամբ: Նա պարտավոր է ցանկացած միջամտության դիմելիս՝ ակտիվ աշխատել և համագործակցել քարանձավագետների  հետ: Ինքնագլուխ բաներ պետք է չանեն, որ մեկ էլ փաստի առաջ կանգնենք»,-ասաց Սամվել Կարապետյանը՝ վստահեցնելով, որ միայն ճիշտ մասնագետների հետ համագործակցության պարագայում է հնարավոր քարանձավը վարձով տալ և զբոսաշրջություն զարգացնել:   

Աղավնին Սուքիասյան