Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ տնտեսության կայունացմանը միտված գործընթացները ներառելու են նաև ներքին պարտքի ավելացում:

Ըստ նախարարի՝ «Ներքին պարտքն ամեն դեպքում աճելու է այն մասով, որ ունենք դեֆիցիտային բյուջե և առաջիկա տարիներում էլ ունենալու ենք դեֆիցիտային բյուջե»: Վարդան Արամյանը նշեց, որ ֆինանսական շուկայի կայունացման համար Հայաստանն անցնում է պարտատոմսերի թողարկմանը, և մինչև ապրիլի վերջ պարտատոմսերը կթողարկվեն:

Անցած տարի Հայաստանի պետական պարտքը նվազեց 147 մլն դոլարով։ Ընդ որում, դա արտահայտվեց` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքի կրճատման տեսքով։ Կառավարության եւ Կենտրոնական բանկի պարտավորությունները պակասեցին 114 մլն դոլարով։ Այս միտումը պահպանվեց մինչեւ այն պահը, երբ Հայաստանը որոշեց արտաքին շուկայում հերթական պարտատոմսերը տեղաբաշխել։

Դրանից հետո` ինչպես պետական պարտքի, այնպես էլ արտաքին պարտքի ցուցանիշներն ավելացան։ Տարվա ընթացքում պետական պարտքը համալրվել է 189 մլն դոլարով՝ գերազանցելով 4,6 միլիարդը։ Դա արտահայտվել է բացառապես կառավարության պարտավորությունների ավելացման տեսքով։ Վերջինիս պարտավորությունները հունիսի 1-ի դրությամբ հասնում են 3 մլրդ 947 մլն դոլարի։

Տարեսկզբի հինգ ամիսներին այն ավելացել է 162 միլիոնով։ Դա տեղի է ունեցել մեկ գործոնի՝ արժութային պարտատոմսերի թողարկման հետեւանքով։ Այս գծով Հայաստանի պարտավորությունները համալրվել են ավելի քան 257 մլն դոլարով՝ հասնելով ավելի քան 916,5 միլիոնի։ Մի բան, որ կազմում է կառավարության պարտքի գրեթե 24 տոկոսը։

Բացի այդ, կառավարությունը բոլոր պարտքերը չէ, որ պաշտոնապես արձանագրում է։ Օրինակ՝ ժամանակին չէր արձանագրվել «Գազպրոմին» ունեցած 300 մլն դոլարի պարտքը, որի դիմաց կառավարաթյունը վճարեց «Հայռուսգազարդի» ունեցած իր 20 տոկոս բաժնեմասով: Հաշվի առնելով այս «ճշտումները»՝ մեր արտաքին պարտքը չափազանց մոտ է վտանգավոր սահմանագծին՝ ՀՆԱ-ի 50 տոկոսին, եթե, իհարկե, դեռ չի գերազանցել այն:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ