Խորհրդարանական ընտրություններում, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն) առաջադրված պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ կապված աղմկահարույց ձայնագրությունը դարձել է համար մեկ քննարկման թեմա: 

 

Հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում, որ պատգամավորի թեկնածուին պատկանող «ՍԱՍ» գրուպում, նախընտրական ժողով է հրավիրվել մեկ պահանջով՝ ձայներ հավաքել Արտակ Սարգսյանի օգտին: Ժողովը վարող անձը սպառնալիքներ է հնչեցնում աշխատանքից ազատելու հետ կապված այն դեպքում, երբ մարդիկ չեն կարողանում որոշակի թվով ձայներ ապահովել Սարգսյանի համար, ձայնագրությունում խոստումներ ևս հնչում են, ինչպիսին, օրինակ՝ Փարիզի ուղևորության տոմսն է՝ դե իհարկե՝ անհրաժեշտ ձայներ ապահովելու դեպքում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար և տնօրեն Վարուժան Հոկտանյանը ցավով նշեց, որ այս դեպքը միակը չէ, պարզապես սա է բացահայտվել. Վստահ եմ` մյուս գործարարներն էլ են նույն բանը արել: Գիտեք՝ նույն բանը եղավ նաև տնօրենների դեպքում: Այսինքն` սա դարձել է նորմա, որը, դժբախտաբար, աշխատել է, և ընտրությունների արդյունքներն արտացոլեցին դա»:

 

Հարցին՝ ձայնագրությունը հիմք չի՞ հանդիսանում, որպեսզի թիվ 2 ընտրատարածքում, որտեղ որպես պատգամավոր առաջադրված էր Արտակ Սարգսյանը, նշանակվեն նոր ընտրություններ, Հոկտանյանը պատասխանեց.

 

«Իհա'րկե հիմք կհանդիսանար, բայց` ոչ Հայաստանում: Քանի որ տեսանք՝ ինչ արձագանք եղավ «Իրազեկ քաղաքացիների միության» դեպքում՝ տնօրենների հետ կապված: Եթե գիտեք՝ որ կուսակցությունից է ընտրվել Արտակ Սարգսյանը, ապա այս պարագայում Ձեր հարցը դառնում է հռետորական»,- նշեց նա՝ բացառելով, որ հնարավոր է նշանակվեն նոր ընտրություններ:

 

Նրա խոսքով՝ նման երևույթները նորմալ են դարձել Հայաստանում, և եթե ինչ-որ բան տեսնում ենք, ապա դա ընդամենն այդ այլանդակությունների բաղկացուցիչ մասն է: Վարուժան Հոկտանյանը վստահ է, որ նույն բանը եղել է նաև մյուս ընտրությունների ժամանակ: 

 

Դիտարկմանը՝ արդյո՞ք նման արարքը քրեորեն պատժելի չէ, Հոկտանյանը դրական արձագանքեց. «Բնականաբար, քրեորեն պատժելի երևույթ է, բայց խնդիրն այն է, որ նման երևույթները դարձել են մեր ընտրական գործընթացների մի մասը: Իսկ թե՝ պատժելի է, պատժելի չի, դա չի կարևորը, կարևորը, որ ընտրական համակարգն՝ իմաստը, որպես այդպիսին՝ կորցել է»,- ասաց նա՝ նկատելով՝ այստեղ մեկ այլ ասպեկտ ևս կա.

 

«Չնայած սահմանադրությամբ ասվում է, որ պատգամավորը չպետք է զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց մենք, փաստորեն, տեսնում ենք այս կարևորագույն խախտումը: Այսինքն՝ եթե ինքը չզբաղվեր ձեռնարկատիրական գործունեությամբ, երևի թե այսպիսի ժողով չլիներ: Այսինքն, պատգամավորը շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և դրան կշարունակեն նայել մատների արանքով»:

 

Սոնա Հարությունյան