ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ Սեյրան Շահսուվարյանի բնորոշմամբ՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած  «Ազգ-բանակ» գաղափարը տեղին և պահանջարկված մոտեցում է, իսկ այն խրախուսական միջոցները, որոնք նախարարությունն առաջարկում է զինվորականի ուղին բռնած հայորդիների համար, մի փոքր էլ ուշացած են. ««Ազգ-բանակը» բավականին բարձր եմ գնահատում, իսկ, օրինակ, բնակարաններով զինվորականներին ապահովելու ցանկությունը մի փոքր էլ ուշացած է, դա դեռ շուտ պետք է անեին. մարդիկ 25 տարի է՝ այդ խնդրով ապրում են: Ինչ վերաբերում է զինվորականներին առաջարկվող բարձր աշխատավարձին, ապա պետք է նշեմ, որ դա անհրաժեշտություն է, քանի որ սպան լավ չի ապրում՝ տարվա 7-8 ամիսը կտրված լինելով բարեկեցիկ կյանքից, ճիշտ է՝ բարելավված պայմաններ կան առաջնագծում, բայց դա Երևան չէ»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց գնդապետը:

 

Խոսելով «Ազգ-բանակ» կոնցեպտի  և այն իսրայելական ձևաչափի հետ համեմատելու մասին, Սեյրան Շահսուվարյանը նշեց, որ սխալ են այս նոր առաջարկվող կոնցեպտն անընդհատ իսրայելականի հետ համեմատելու փորձերը. «Ինչո՞ւ հենց իսրայելական, մենք մոտենում ենք նորմալ վիճակի, ամբողջ աշխարհում է այդպես, տեսե՛ք՝ ամերիկյան, եվրոպական բանակներն ինչ տեսք ունեն, վարձու զինվորներն ինչպես են իրականացնում իրենց ծառայությունը: Այնտեղ սովորական կապիտանի աշխատավարձը հասնում է մինչև 8000 դոլարի, այնպես որ, մենք ճիշտ ուղով ենք գնում, դա է պահանջում աշխարհը և այն աշխարհագրական դիրքը, որն ունի Հայաստանը»:


Սեյրան Շահսուվարյանը նկատեց նաև, որ Ադրբեջանի հետ Հայաստանը մշտապես գտնվում է պատերազմի մեջ, և լայնամասշտաբ պատերազմի վտանգը մեր բանակն ամեն օր է զգում. «25 տարի է՝ մենք պատերազմի մեջ ենք, ոչ մի օր այդ վիճակից դուրս չենք եկել: Ադրբեջանը մշտապես նորանոր պոռթկումներ է ունենում, նրանցից ամեն ինչ հավատալու է, քանի որ մարդկային ռեսուրսի խնդիր չունեն: Ադրբեջանական կողմից զոհվողներն ադրբեջանցիներ չեն: Սակայն հայերիս համար՝ թանկ է յուրաքանչյուր զինվոր»: 

 

ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետը խոսեց նաև Ադրբեջանի ղեկավարի հրահանգով իրականացվող սպառազինության մրցավազքի մասին՝ շեշտելով, որ նրանք երկար չեն կարող դիմանալ այդ մրցավազքում, քանի որ նավթային պաշարներն էլ մի օր վերջանալու են, իսկ մենք ունենք այն, ինչն իրենք այդպես էլ չունեցան. «Մեր «Իսկանդերը» ցանկացած պահի կարող է կրակել. եթե պետք լինի, կկրակի, եթե իրենց խելոք չպահեն՝ կկրակի, և մեկ կրակոցն էլ բավարար կլինի հարցը լուծելու համար, և այդ ժամանակ մենք կկրակենք ոչ թե թշնամու սահմանների, այլ՝ Բաքվի ուղղությամբ»:


Աղավնի Սուքիասյան