Մտքերն ու գաղափարները, թե հատկապես ինչպես է պետք աշխատանք տանել' աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անկասելի դարձնելու ու դրան լայն թափ հաղորդելու համար, անկասկած, բազմաթիվ են:

 

Ցեղասպանության ճանաչման հարցում մարդիկ սովորաբար երկու ճամբարի են բաժանվում. ոմանք այն համոզմունքին են, որ փաստի ճանաչումը, շաղկապված լինելով բարդ աշխարհաքաղաքական շահերի հետ, այնքան էլ կախված չէ հայերիս կողմից տարվող աշխատանքների արդյունավետությունից կամ ջանքերից, ու եթե հզորները գտնեն, որ իրենց շահերից է բխում պատմական փաստի իրավական ֆիքսումն, ապա կանեն դա նույնիսկ առանց մեզ հարցնելու: Հակառակ սրան` քիչ չեն նաև նրանք, ովքեր համոզված են, որ հայության ջանքերն` ուղղված Ցեղասպանաության փաստի համաշխարհային ճանաչմանն, իրականում հսկայական դեր են խաղում ճանաչման գործընթացի հարցում, ու եթե մեզ հաջողվի ճիշտ ստրատեգիա մշակել ու հետևողականորեն այն իրականացնել, ապա արդյուքներն իրենց երկար սպասեցնել չեն տա:


Անկախ այն բանից, սակայն, թե աշխարհն ինչ վերաբերմունք է Ցեղասպանության հարցի նկատմամբ դրսևորում' պայմանավորված այս կամ այն սուբյետիվ գործոններով, անքննարկելի է, որ մենք, որպես ժողովուրդ, բարոյական իրավունք չունենք Ցեղասպանության ճանաչման գործընթացին մատների արանքով նայելու ու քանի կանք, պարտավորված ենք մեր արդար դատն առաջ տանելու:


Օրերս բավական մեծ աղմուկ էր բարձրացրել, մասնավորապես, Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության նախատեսված թանգարանի շենքի հետ տեղի ունեցած պատմությունը. մի քանի շաբաթ առաջ 57 միլիոն դոլարով վաճառվել է այն' ինչ-որ դատական քաշքշուկների հետևանքով: Թե ինչի մասին է սա վկայում, ավելորդ ենք համարում մեկնաբանել, միայն նշենք, որ նմանատիպ դեպքերի կրկնությունն ամեն գնով պետք է կանխվի, քանի որ այն ոչ միայն ճանապարհ է՝ ոչ մի տեղ, այլև, ըստ էության, գործ ուենք անլուրջ վերաբերմունքի հետ, երբ ինչ-որ մասնավոր անհամաձայնության պատճառով՝ կարևորագույն այս նախագիծը չեղարկվում է: Եվ, ընդհանրապես, պետք է նշենք, որ այսօր ցեղասպանագիտության, հայագիտության նկատմամբ մի տեսակ անտարբերություն է նկատվում, միջոցների սուղ պակաս է զգացվում, ինչը, թերևս, խոսում է որոշակի վերաբերմունքի մասին նաև:


Ոմանց մոտ հարց կարող է առաջանալ՝ ի՞նչ կարող է, ասենք, այս կամ այն քաղաքում, որքան էլ այն կարևոր դիտարկվի, Ցեղասպանության թանգարանի բացումը տալ հարցի միջազգային ճանաչմանը, կամ ցեղասպանագիտության մեջ ներդրված գումարները հատկապես ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ գերտերությունների քաղաքականության վրա: Իհարկե, միգուցեև ուղղակիորեն ազդեցություն չունենան, սակայն պետք չէ մոռանալ, որ 21-րդ դարի Արևմուտքի հասարակությունները բաց հասարակություններ են, հասարակություններ են, որոնց կարծիքի հետ, որոնց շրջանում տիրող տրամադրությունների հետ քաղաքական գործիչները հաստատ հաշվի են նստում, ինչը նշանակում է, որ եթե մենք կարողանանք ճիշտ աշխատել արևմտյան հասարակությունների հետ, ապա կկարողանանք ինչ-որ իմաստով կարծիք ձևավորողի դերում հանդես գալ, ինչն ուղղակի կերաշխավորի համապատասխան արդյունքը:


Այս իմաստով, անհրաժեշտ է նկատել, որ ժամանակակից աշխարհը բավական լայն ցանկ է առաջարկում այն գործիքակազմերի, որոնց օգնությամբ ձևավորվում է հասարակական կարծիքը: Սա նշանակում է, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի հնարավորությունների սահմանում դրանց ակտիվ կիրառումը, ճշմարտությունն այդ՝ հասարակություններին հասկանալի լեզվով տեղ հասցնելը. այս հարցում, ի դեպ, Հայաստանը չպետք է միայնակ թողնի Սփյուռքին…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ