Սահմանադրական դատարանում ընթանում է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացրած հայցապահանջը՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկման համար: Հայցվոր կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց իրենց դաշինքի հավաքագրած փաստերը, նշելով, որ դրանք  կարող են հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր համարելու համար. ««Հանրապետական» կուսակցության պատգամավորի թեկնածուները խոստացել են քաղաքացիների բնակարանները վերանորոգել, քաղաքացներին բաժանվել է վառելափայտ, մինչև 20 հազար դրամ ընտրակաշառքներ: Արտակ Սարգսյանը՝ հայտնի ՍԱՍ-ի Արտակն, օրինակ, իր աշխատակիցներին խոստացել է դրամական պարգև՝ ձայն բերելու համար: Իր օգտին քվեարկողներին էլ խոստացել է հավելյալ գումարներ: Հայաստանում գրանցված, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին անվճար ատամնաբուժարան և գեղեցկության սրահներ այցելելու հնարավորություններ են տրվել,  սրան եթե ավելացնում ենք բաժանված բրինձը, ալյուրը, կոնֆետներն ու մյուս խոստումները, ապա ընտրակաշառքի բաժանման փաստերն ամբողջանում են»,-դատարանում ներկայացրեց փաստաբանը՝ հավելելով, որ դատարան գրավոր կներկայացնի, թե որ ընտրատեղամասերում  և համայնքներում՝ որ թեկնածուների կողմից են բաժանվել նշյալ ընտրակաշառքները: 

 

Փաստաբան Տիգրան Եգորյանը Սահմանադրական դատարանում ներկայացրեց նաև ընտրակաշառքների և քաղաքացիների վրա ճնշումներ գործադրելու մասին մամուլի հրպարակումները՝ շեշտելով, որ ապօրինություններն ընդգրկել են ՀՀ ամբողջ տարածքը, ուստի այս հրապարակումները նույնպես պետք է դառնան ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք: 

 

«Կայքերից մեկը հրապարակել է, օրինակ, այսպիսի մի փաստ՝ Միհրան Պողոսյանը խոստացել է հիսուն հազար դրամ տալ իր օգտին քվեարկողներին: Այս հրապարակումը միակը չէ, ես դատարան գրավոր ներկայացրել եմ հայաստանյան ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներ՝ ընտրախախտումների և բաժանված կաշառքների մասին»,-ներկայացրեց փաստաբանը՝ շեշտելով, որ թեև ընտրախախտումների մասին ակնհայտ փաստեր կան այս տարվա մարտ ամսվա կեսերից, բայց մինչ օրս որևէ քննչական գործընթաց չի սկսվել: 

 

Տիգրան Եգորյանը խոսեց նաև ընտրակաշաքների բաժանման, ընտրախախտումների, Գյումրիում ընտրության օրը դանակի գործածությամբ քաղաքացու վրա ճնշում գործադրելու և նմանատիպ այլ փաստերին՝ շեշտելով, որ ոստիկանության արձագանքն այդ դեպքերին՝ եղել է ոչ համարժեք և ոստիկանությունը ստուգողական գործողություններ չի իրականացրել:

 

 Աղավնի Սուքիասյան