ԱԺ նախագահի թեկնածու, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ եթե մի պատգամավոր ունի զենք կրելու իրավունք, ապա այդ իրավունքից պետք է օգտվեն նաև մյուս օրենսդիրները:

 

Ըստ նրա, երբ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը իր շքամուտքում ծեծի էր ենթարկվում, եթե զենք կրելու իրավունք ու հնարավորություն ունենար, ապա որոշակիորեն կխոչընդոտեր իր հանդեպ ոտնձգություն կատարողներին: Անգամ դժվար է պատկերացնել, ինչ կլիներ այն պարագայում, երբ սույն հակամարտության երկու կողմն էլ զինված լինեին: Էդմոն Մարուքյանը իրոք զարմացնում է: Նոր ձևաչափով ԱԺ մուտք գործած ԵԼՔ-ը փաստորեն գտնում է, որ մեր երկրի առանցքային բոլոր խնդիրները լուծվել են, բոլոր երգերը երգել ենք, և ԱԺ անդրանիկ նիստում բարձր ամբիոնից բարձրաձայնման ենթակա թիվ մեկ խնդիրը՝ անխտիր բոլոր պատգամավորներին զինելն է: Եվ այս հարցում, ըստ Մարուքյանի, մենք պետք է օրինակ վերցնենք քաղաքակիրթ աշխարհից:


Ումի՞ց պետք է պաշտպանվեն պատգամավորները. եթե միմյանցից, ապա կարելի է այդ նույն քաղաքակիրթ աշխարհից որպես օրինակ վերցնել խորհրդարանական ժողովրդավարության փիլիսոփայությունը, որի դեպքում նման կոնֆլիկտային իրավիճակները պարզապես բացառված կլինեն: Քաղաքակիրթ աշխարհից կարող ենք որպես օրինակ վերցնել սեփական ընտրողի հանդեպ քաղաքական պատասխանատվության գաղափարը: Այդ նույն քաղաքակիրթ աշխարհում օրենսդիր մարմինը քաղաքական համակարգի առանցքային ինստիտուտ է, այլ ոչ թե միջանձնային հաշիվների պարզման և «ռազբորկաների» թատերաբեմ: Էդմոն Մարուքյանը, իբրև ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, իր ելույթում կարող էր թիրախավորել հանրության շահերը շոշափող շատ ավելի կարևոր հարցեր, քանի որ դժվար է պատկերացնել, որ ԵԼՔ-ի օգտին քվեարկած քաղաքացիներին հուզող գլխավոր հարցը ՝ հայրենի երեսփոխանների անվտանգության ապահովումն է: Ինչպես ասում են ՝ էպոտաժը կա, քաղաքականությունը չի երևում…:


Ստելլա Խաչատրյան