ՀՀ ԱՎԾ ուշագրավ տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն 2017թ. ապրիլին արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը`-2,9%, ծառայությունների սակագներինը` -2,3%: 2017թ. մարտ ամսվա գնաճը փետրվարի նկատմամբ կազմել է -0.3%, ինչի արդյունքում գնաճը կազմել է -0.1%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբի տասներկուամսյա գնաճը կազմել է 3.3%, ոչ պարենային ապրանքներինը` -3.5%, ծառայությունների սակագներինը` -2.6%:Ինչպես գնահատվում էր մարտ ամսվա ՀՀ ԿԲ մոնիտորինգի ժամանակ, առաջին եռամսյակի արդյունքով գնաճի ցուցանիշը 0.3 տոկոսային կետով գերազանցել է կանխատեսված մակարդակը:

Ըստ օրենքի՝ ՀՀ-ում գների կայունության ապահովումը ԿԲ-ի հիմնական գործառույթներից մեկն է, հետևաբար վերջինս էլ անդրադարձել է արձանագրված գնաճին՝ ֆիքսելով, որ «ապրիլին արձանագրված սննդամթերքի գնաճը հիմնականում պայմանավորվել է 2016/2017թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաև միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ»: Մինչ այդ էլ խոսելով ընտրություններից հետո գրանցված պարենային ապրանքների գների կտրուկ աճի մասին՝ մեկնաբանություն էր տվել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ գնաճը պետք է հետ գա իր բնականոն աշխատանքին, «այսօր մենք ունենք դեֆլացիա, և շատ նորմալ է, որ մեզ նման տնտեսություններն ունենան շուրջ 4%-անոց գնաճ: Նրա խոսքով՝ գնաճը նաև նպաստում է տնտեսական աճին: Նախարարի գնահատմամբ՝ արձանագրված գնաճն արհեստական չէ . այսինք, նախարարը փորձում է հանրությանը համոզել, որ գնաճը կապ չունի ընտրությունների հետ, ինչը իհարկե խորը կասկածի տեղիք է տալիս: Առաջին հերթին պետք է նշել,, որ ֆինանսների նախարարը ու ԿԲ-ն ավելի քան զարմացնում են՝ նույն երևույթի վերաբերյալ բոլորովին տարբեր, իրար հետ որևէ ընդհանրություն չունեցող մեկնաբանություններ տալով. Մի կողմը դա բացատրում է տնտեսական պահանջարկով, մյուսը՝ գյուղատնտեսական բերքի դեֆիցիտով:

Իհարկե, եթե ցանկություն ունենան երկու կողմն էլ կարող են ամենատարբեր բանաձևերի, Նոբելյան մրցանակի դափնեկիրների տեսություններով բացատրել, որ տնտեսական պահանջարկն ու բերքի դեֆիցիտը նույն բանն են, բայց նրանց տարբեր մեկնաբանություններն արդեն մտորելու տեղիք են տալիս:Մյուս կողմից փաստացի արձանագրվել է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ մասնավորապես, սննդամթերքի շուրջ 6%-ով գնաճ, ինչը, սակայն, միջինացվելով ոչ պարենային ապրանքների և սպասարկումների գների հետ՝ նվազեցվել է 1.2%-ի: Հասկանալի է, որ բնակչության առավելագույնը 5-10%-ն է օգտվում ռեստորանների, ժամանցի այլ օբյեկտների ծառայություններից, իսկ ոչ պարենային ապրանքներից օգտվում է որոշակի ժամանակային պարբերականությամբ: Հետևաբար հանրությունը իրականում գործ ունի 5-6%-անոց գնաճի հետ, որքան էլ որ միջինացված այն ավելի փոքր է: Այստեղ կա հարցի մյուս կողմը, որը անհրաժեշտ է շեշտել. երկու ամիս է, ինչ Կարեն Կարապետյանի կաբինետում կուրծք են ծեծում, որ այս ամիսների ընթացքում հաջողացրել են ստեղծել ավելի քան 1800 աշխատատեղ, և դրանց բացարձակ մեծամասնությունը՝ ջերմոցային տնտեսությունում: Ավելին տնտեսական զարգացման փոխնախարար պրն Ազիզյանը պնդում էր, որ այս ժամանակահատվածում ստեղծվել են հայուրավոր գերժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատներ, որոնցում արտադրվում է հիմնականում լոլիկ: Նախորդ տարիների համեմատ՝ այսօր շուկայում միակ էապես թանկ գյումթերքը լոլիկն է: Մյուս ապրանքատեսակների գծով այս տարի արձանագրվում է գների էական նվազում: Այն աստիճանի, որ արդեն որոշ շրջաններում գյուղացիները բացահայտ բողոքում են գյուղմթերքի գների նվազումից՝ ինչը տրամաբանորեն բացատրելը անհնար է:

Հետևաբար ԿԲ-ին խորհուրդ՝ հարկավոր է ավելի տրամաբանված մեկնաբանություն գտնել ապրիլին սկսված «անհասկանալի» գնաճը բացատրելու համար, իսկ նախարար Արամյանին էլ բացատրել՝ ինչպես է լինում, երբ քաղաքացու աշխատավարձի բարձրացում չի եղել, երբ գյուղացու բացարձակ մեծամասնությունը դեռ արտադրանք չունի իրացնելու, եկամուտ ստանալու, բայց պահանջարկի շեմը բարձրանում է, հետևաբար և՝ գները:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ