«Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստան բոլոր մարզերում՝ բացառությամբ Երևանի, 2029 աղբանոցներից արդեն իսկ փակվել են 693-ը։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մայիսի 25-ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը։ 

Նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանն ասաց, որ մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ: «Նույնիսկ կան արդեն իսկ արձանագրված թվեր, որ շուրջ 2000 աղբանոցներից 693-ը մաքրված են, ևս 200-ից ավելին ընթացքի մեջ են և աշխատանքներ են իրականացվում։ Վստահ եմ, որ շաբաթօրյակին ավելի մեծ արդյունք կունենանք»,- ընդգծեց Տերտերյանը։ 

Իրենց կատարած և դեռ իրականացվելիք մաքրման աշխատանքները ներկայացրին ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչները։ 
Արմավիրի փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանն ասաց, որ իրենց մարզում 171 աղբավայր է գրանցվել։ 

«Այդ աղբավայրերից 72-ը մաքրվել են, 58-ը դեռ պետք է մաքրվեն մինչև մայիսի 27-ը։ Արմավիրի մարզում կան հիմնական 41 աղբավայր և մոտ 10-20 շինարարական աղբավայր, որոնց վերացնելը մեծ գումարներ է պահանջում»,- նշեց փոխմարզպետը։ 

Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանն էլ ասաց, որ իրենք գույքագրել են 137 աղբավայր։ 

«Մեր մարզում 31 աղբավայր արդեն փակվել է, իսկ 68-ն էլ դեռ կփակվեն։ Մենք աշխատանքներ ենք իրականացանում և հնարավոր է գտնենք նոր աղբավայրեր»,- նշեց Սյունիքի փոխմարզպետը։ 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ասաց, որ  համապետական շաբաթօրյակի հետ կապված հրավիրվել է համաքաղաքային խորհրդակցություն բոլոր վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: 
«Բոլոր ռեսուրսները մոբիլիզացված են, շինարարական կազմակերպություններից քաղաքապետարանը ձեռք է բերել լրացուցիչ տեխնիկա՝ լրացուցիչ գործիքներ։ Պետք է մաքրվեն քրոնիկ վայրերը, որտեղ անընդհատ աղբ է լինում, բակային ներթաղամասային հատվածներ և ընդհանուր օգտագործման տարածքներ ողջ Երևանում՝ Հրազդանի կիրճը, Երևանյան լճի հարակից տարածքը և այլ խոշոր տարածքներ»,- շեշտեց Արեյանը։ 

2017 թվականի մայիսի 25-ի դրությամբ`(բացի Երևանից) քարտեզագրված 2029 աղբանոցներից արդեն իսկ փակվել են 693-ը, փակման աշխատանքներ են տարվում թվով 268 աղբանոցներում: Նախատեսվում է փակել ևս 96 աղբանոց: Միաժամանակ սահմանված կարգով իրականացվում են աղբանոցների փակման աշխատանքները: 

ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության  համաձայն` հանրապետության բոլոր համայնքները մասնակցելու են մայիսի 27-ի նախատեսվող համապետական շաբաթօրյակին: Հանրապետական գործադիր իշխանության տարածքային ստորաբաժանումների հետ իրականացվում է աշխատանքների համադրում։ Կազմվել են մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաներ, նախապատրաստվում են տրանսպորտային միջոցներ՝ բավարար թվով բեռնատար ավտոմեքենաների և տեխնիկայի ներգրավման համար: 

Համապետական միջոցառման շրջանակներում այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով  մասնակցել համապետական  շաբաթօրյակին, կարող են զանգահարել  ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանում գործող թեժ գծերով: 

Երևան-011514176 
Շիրակի մարզ- 0312-3-26-10 
Տավուշի մարզ-094-55-56-57 
Լոռու մարզ-0322-4-35-33 
Արագածոտնի մարզ-0232-3-37-74 
Կոտայքի մարզ-0223-2-73-01 
Գեղարքունիքի մարզ-093-63-62-47 
Արարատի մարզ-0235-2-34-65 
Արմավիրի մարզ-0237-2-10-03 
Վայոց ձորի մարզ-0281-2-30-61 
Սյունիքի մարզ-0285-4-38-40