«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել է 1480-ը, փակման ենթակա է ևս 272 աղբանոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ հավելելով. «ՀՀ մարզերի և համայնքների աղբահանության և սանիտարական մաքրման շրջանակներում 126 համայնք 39 մասնավոր ընկերության է պատվիրակել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, իսկ 97 համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են շուրջ 8500 պայմանագիր:

Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերում տուգանքներ կիրառելու օրենսդրական նախաձեռնության աշխատանքներն արդեն ավարտվել են և ս.թ սեպտեմբերին այն կներկայացվի Ազգային ժողով, կհաստատվեն նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշները:

ՀՀ մարզերում պարբերաբար անցկացվում են սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման, աղբավայրերի փակման աշխատանքներ: Մասնավորապես, հուլիսի 1-ին մի քանի մարզերում տեղի են ունենալու շաբաթօրյակներ»: