«Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստան բոլոր մարզերում՝ բացառությամբ Երևանի, 2029 աղբանոցներից արդեն իսկ փակվել են 693-ը։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մայիսի 25-ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը։
Նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանն ասաց, որ մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ: «Նույնիսկ կան արդեն իսկ արձանագրված թվեր, որ շուրջ 2000 աղբանոցներից 693-ը մաքրված են, ևս 200-ից ավելին ընթացքի մեջ են և աշխատանքներ են իրականացվում։ Վստահ եմ, որ շաբաթօրյակին ավելի մեծ արդյունք կունենանք»,- ընդգծեց Տերտերյանը։
Իրենց կատարած և դեռ իրականացվելիք մաքրման աշխատանքները ներկայացրին ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչները։
Արմավիրի փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանն ասաց, որ իրենց մարզում 171 աղբավայր է գրանցվել։
«Այդ աղբավայրերից 72-ը մաքրվել են, 58-ը դեռ պետք է մաքրվեն մինչև մայիսի 27-ը։ Արմավիրի մարզում կան հիմնական 41 աղբավայր և մոտ 10-20 շինարարական աղբավայր, որոնց վերացնելը մեծ գումարներ է պահանջում»,- նշեց փոխմարզպետը։
Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանն էլ ասաց, որ իրենք գույքագրել են 137 աղբավայր։
«Մեր մարզում 31 աղբավայր արդեն փակվել է, իսկ 68-ն էլ դեռ կփակվեն։ Մենք աշխատանքներ ենք իրականացանում և հնարավոր է գտնենք նոր աղբավայրեր»,- նշեց Սյունիքի փոխմարզպետը։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ասաց, որ համապետական շաբաթօրյակի հետ կապված հրավիրվել է համաքաղաքային խորհրդակցություն բոլոր վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:
«Բոլոր ռեսուրսները մոբիլիզացված են, շինարարական կազմակերպություններից քաղաքապետարանը ձեռք է բերել լրացուցիչ տեխնիկա՝ լրացուցիչ գործիքներ։ Պետք է մաքրվեն քրոնիկ վայրերը, որտեղ անընդհատ աղբ է լինում, բակային ներթաղամասային հատվածներ և ընդհանուր օգտագործման տարածքներ ողջ Երևանում՝ Հրազդանի կիրճը, Երևանյան լճի հարակից տարածքը և այլ խոշոր տարածքներ»,- շեշտեց Արեյանը։
2017 թվականի մայիսի 25-ի դրությամբ`(բացի Երևանից) քարտեզագրված 2029 աղբանոցներից արդեն իսկ փակվել են 693-ը, փակման աշխատանքներ են տարվում թվով 268 աղբանոցներում: Նախատեսվում է փակել ևս 96 աղբանոց: Միաժամանակ սահմանված կարգով իրականացվում են աղբանոցների փակման աշխատանքները:
ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` հանրապետության բոլոր համայնքները մասնակցելու են մայիսի 27-ի նախատեսվող համապետական շաբաթօրյակին: Հանրապետական գործադիր իշխանության տարածքային ստորաբաժանումների հետ իրականացվում է աշխատանքների համադրում։ Կազմվել են մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաներ, նախապատրաստվում են տրանսպորտային միջոցներ՝ բավարար թվով բեռնատար ավտոմեքենաների և տեխնիկայի ներգրավման համար:
Համապետական միջոցառման շրջանակներում այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, կարող են զանգահարել ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանում գործող թեժ գծերով:
Երևան-011514176
Շիրակի մարզ- 0312-3-26-10
Տավուշի մարզ-094-55-56-57
Լոռու մարզ-0322-4-35-33
Արագածոտնի մարզ-0232-3-37-74
Կոտայքի մարզ-0223-2-73-01
Գեղարքունիքի մարզ-093-63-62-47
Արարատի մարզ-0235-2-34-65
Արմավիրի մարզ-0237-2-10-03
Վայոց ձորի մարզ-0281-2-30-61
Սյունիքի մարզ-0285-4-38-40