Հայաստանում պետական պարգևատրման արարողությունները գրեթե մշտապես աչքի են ընկել իրենց հակասականությամբ. համենայն դեպս՝ անկախությունից այս կողմ՝ երևի թե չի կարելի գտնել գեթ մեկ նմանատիպ արարողություն, որի ընթացքում վիճելի դրվագներ ի հայտ չգան: Մայիսի 28-ին նախագահականում մի խումբ ականավոր գործիչներ՝ գործունեության տարբեր ոլորտներ ներկայացնող, պարգևատրվել էին պետական պարգևներով ու կոչումներով:


Այն, որ մեզանում բավական հաճախ են տեղի ունենում նման կարգի իրադարձություններ, առանձնապես նորություն չէ. հատկապես վերջին տարիներին՝ այս ամենն է՛լ ավելի հաճախակի բնույթ է սկսել ձեռք բերել, ու հաճախ՝ պարգևատրվողների շարքերում կարելի է լինում տեսնել մարդկանց, որոնք իրենց ներկայությամբ մի շարք հարցերից բացի, ուրիշ ոչինչ առաջ չեն բերում շատերի  շրջանում. ցավոք, մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունն այս իմաստով բացառաություն չդարձավ: Բանն այն է, որ բավական ականավոր մարդկանց հետ մեկտեղ՝ պետական պարգևների են արժանացել մարդիկ, որոնց վաստակն ազգի, պետության առջև, մեղմ ասած, ոչ մի կերպ զգալի չես համարի:


Ասենք, մեզ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե, դիցուք, Ռազմիկ Ամյանին պետական պարգևի արժանացնելու բուն մոտիվացիան որը կարող էր լինելԿամ հայրենիքի առաջ մատուցած այդ ո՞ր անուրանալի  ծառայությունների դիմաց է պարգևատրվում նույն Հրայր Թովմասյանը: Ո՞րն է նրա վաստակը հայաստանյան հանրության առջև: Պակաս վիճելի չէ նաև Վարդան Պողոսյանի պարգևատրումը: Ճիշտ է՝ այս մարդը իրավաբանական մտքի ժամանակակից գիգանտներից մեկն է այսօր մեզանում համարվում, սակայն չտեսնել այստեղ որոշակի շահադիտություն, ոչ մի կերպ չի կարելի. ըստ էության՝ պարգևատրում են դեռևս լիարժեքորեն ուժի մեջ չմտած նոր Սահմանադրւթյան հեղինակին՝ ի շնորհակալություն մատուցած ծառայությունների համար: Բայց թե իրականում այդ նոր Սահմանադրությունը որքանով է ամրապնդելու հայոց պետականության հիմքերը, դեռևս հայտնի չէ. միգուցե Վարդան Պողոսյանի՝ հայրենիքին մատուցած այդօրինակ ծառայությունն ամենևին էլ ի փառս պետականության չէ՞, ո՞վ գիտի, չէ՞ որ յուրաքանչյուր երևույթի մասին դատողություններ անելուց առաջ՝ նախ որոշակի ժամանակ է պահանջվում...


Իրականում՝ նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ այս կամ այն անձի՝ պետությանը կամ ժողովրդին մատուցած ծառայությունների չափն ու արժեքն ամենևին էլ պետական պարգևներով ու կոչումներով չէ, որ որոշվում է. ժողովուրդն ինքն է ժամանակի ընթացքում կարևորում ու արժևորում մարդկանց վաստակը. կոչումներն այստեղ բոլորովին երկրորդական դերակատարում ուեն:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ