Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել էր մեկշաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիցենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։

Հայաստանի կառավարությունն արդեն քանի տարի է տեղերը խառնել է, նախարարները որպես կանոն չգիտեն թե իրենց պաշտոնական լիազորությունները որտեղ են սկսվում և որտեղ ավարտվում, ով ինչ գործ պետք է անի, բացի այդ իրենց գործն անելու համար պարտադիր պետք է ունենան կոնկրետ հանձնարարական: Երեք օր է արդեն Տրանսպորտի նախարարը բուռն աշխատանքային գործունեություն է ծավալում, կարելի է ասել գիշերում է «Զվարթնոց»-ում: Մեկ օրվա ընթացքում նախարարն իր համար բացահայտեց, ավելի քան 30 չլիցենզավորված տաքսի ծառայություններ: Կային տաքսիներ, որ անգամ վարորդական իրավունք չունեին, կային, որ անգամ վարորդական իրավունքներ չունեն: Ու դա էլ դեռ քիչ էր՝ մրցակցություն չկա: Կարելի է ենթադրել, որ սա խոսում է նախարարության ակտիվ և արդյունավետ աշխատանքի մասին, սակայն իրականում սա վկայում է նախարարության զրոյական արժեքի մասին: Տրանսպորտի նախարարը թերևս նոր չի իմանում, որ զբոսաշրջիկները Հայաստանի հետ շփումը սկսում է հենց օդանավակայանից: Այդ պարագայում ինչո՞ւ են հանդուրժել այս վիճակը, որը բնավ երեկ չէ ի հայտ եկել: Նախարարը, ով երբեք որևէ հարցի պատասխանը չգիտի, ցանկացած հարցի պատասխանում է՝ քննարկման փուլում է, կտեղեկացնենք, կասենք, հիմա ակտիվորեն անցել է աշխատանքի: Այսինքն հասել ենք այն օրին, երբ նախարարին իր առօրյա, մանր աշխատանքը կատարելու համար պարտադիր հանձնարարական է անհրաժեշտ:

Իշխանությունը չի կարողանում լուծել մի խնդիր, որի առկայությունը տուրիզմը գերակա ճյուղ հռչակած երկրում արդեն իսկ անհեթեթություն է: Նույնիսկ վիրավորական է, որ հազար ու մի կարեւոր գործ թողած քննարկում ենք մի հարց, որը վաղուց պետք է մեկ ընդ միշտ լուծվեր, ընդ որում, ոչ թե վարչապետի, այլ նախարարի կամ ինչ-որ վարչության պետի մակարդակով:

Երկու տարբերակ կա: Կամ այդ մի քանի տասնյակ ապօրինի գործող տաքսիստները գերմարդիկ են, կիսաստվածներ, որոնց հետ ոչինչ անել հնարավոր չէ: Կամ էլ նրանք այնպիսի մի «տանիք» ունեն, որն ավելի զորեղ է, քան վերջին հինգ տարում պաշտոնավարած երեք վարչապետները, նախարարները եւ այլ պետական պաշտոնյաները: Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք քննարկում` արդյո՞ք վարչապետը եւ կառավարությունը ցանկանում են եւ ունակ են իրական փոփոխություններ կատարել: Այս թեման այդ ցանկությունները եւ ունակությունները ստուգելու լավ տարբերակ է:

Վարչապետը հունիսի 8-ին տրանսպորտի նախարարին եւ ոստիկանության ղեկավարին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրություններ կատարել ու լուծումներ առաջարկել: Ցավոք, վերջին տասնամյակների դառը փորձից ելնելով, մենք վաղուց իշխանությունից շատ բան չենք պահանջում: Հիմա էլ պարզապես ասում ենք` եթե վարչապետը կառավարության նիստում ասում է, որ օդանավակայանում «անթրաշ» տաքսիստներ չպետք է լինեն, նրանք այնտեղ այլեւս չպետք է լինեն: Իսկ եթե մեկ, երկու, երեք շաբաթ անց նրանք կշարունակեն այնտեղ մնալ, հարց կառաջանա` ի՞նչ իմաստ ուներ խնդրի մասին խոսել այդքան բարձր ամբիոնից…

 Ստելլա Խաչատրյան