Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկվանից բավականին ակտիվություն է տիրում սահմանին։ Մեր ՊԲ-ի ակտիվ գործողությունների արդյունքում հակառակորդը վնասներ և կորուստներ է կրել։ Այսօր արդեն Ադրբեջանի իշխանության խոսափող «Հաքքին.ազ»-ը սկսեց լուրեր տարածել այն մասին, որ Ջաբրայիլի շրջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 զինծառայողներ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել․ նրանցից մեկի ձեռքն են կտրել, մեկը ծանր վիճակում է, մյուսը՝ մարմանական վնասվածքներ է ստացել։ Ըստ աղբյուրի՝ այս մասին սոցցանցում գրել է զինվորականներից մեկի զարմիկը, ով այցելել է Ջաբրայիլ և իմացել այդ մասին։

Կայքի մեկ այլ հոդվածի համաձայն էլ՝ օկուպացված տարածքում՝ Աղդերինսկի շրջանի զորամասերից մեկում, տեղի է ունեցել զանգվածային սննդային թունավորում, որից հետո թունավորված զինծառայողները հոսպիտալացվել են։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքեց տարածված լուրերը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածում։

«Ադրբեջանցիների ուզածն այն է, որ իրենք խոսեն՝ մենք հերքենք, որ մեր ժողովրդի մեջ շրջանառվեն այդ խոսակցությունները։ Եթե այդպիսի բան լիներ, մենք պաշտոնապես կհրապարակեինք դրա մասին։ Պետք չէ ընկնել նրանց թակարդը։ Երեկ այնպես ենք պատժել, որ չգիտեն՝ ինչ անել, դրա համար էլ նման ապատեղեկատվություն են տարածում, իրենց զոհված զինվորականների մասին չեն խոսում»,- ասաց Հասրաթյանը։

Հասրաթյանը նշեց, որ այս պահին սահմանում հանգիստ է, մենք կորուստներ չունենք։

Սոնա Հարությունյան