Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով հայեր չեն տուժել։

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ըստ armemb.gr-ի նախնական տվյալների՝ Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,-գրել է նա:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 

Էգեյան ծովում՝ Թուրքիայի և Հունաստանի ափերին մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիմնական հարվածը ստացել են թուրքական զբոսաշրջային Բոդրում քաղաքը և հունական Կոս կղզին:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.7 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Բոդրումից 10.3 կմ, իսկ Կոսից՝ 16.2 հեռավորության վրա:

Առաջին ցնցումներից հետո գրանցվել են մի քանի հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը եղել է 5.1 մագնիտուդով: Սեյսմոլոգները հայտնել են Էգեյան ծովում ոչ մեծ ցունամիի մասին:

Նախնական տվյալներով՝ Կոս կղզում մահացել է երկու մարդ, տուժել են 120-ը: Կղզու վրա քանդվել են մի շարք շինություններ: