Հանրության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Պաշտպանության նախարարության հրամանը, որով ծառայությունից վաղաժամկետ հրաժարվող սպաները պետք է մի քանի անգամ ավելի գումար վճարեն:

Համաձայն նախարարի այս տարվա հունիսի 20-ի հրամանի՝ սպաներին  առաջարկվել է իրենց հետ կնքած պայմանագրերի փոփոխված տարբերակը: Ըստ նոր պայմանագրի՝   ռազմական համալսարանն ավարտած սպան մինչև 10 տարին լրանալը ծառայությունից հրաժարվելու դեպքում յուրաքանչյուր տարվա համար 1 մլն դրամ է վճարելու: Նախկինում այդ գումարը կազմում էր տարեկան 250 000 դրամ: Բացի այդ, եթե ծառայության ընթացքում զինծառայողը մասնակցել է եռամսյա դասընթացների և դասընթացների ավարտից հետո դեռ չի անցել երեք տարի և սպան խզում է  պայմանագիրը, ապա դասընթացների համար նախկին 750 հազար դրամի փոխարեն այժմ ստիպված է լինելու հավելյալ 1 մլն դրամ է վճարել: Սա մի պարագայում, երբ զինվորական ծառայության մասին պայմանագրով նախատեսված է, որ սպան կարող է ցանկացած ժամանակ ժամկետից շուտ թողնել ծառայությունն ու զորացրվել: Թե ինչ հաշվարկ է արվել Պաշտպանության նախարարության կողմից, դժվար է ասել, սակայն փաստ է, որ նման որոշումները չեն նպաստի բանակի իմիջի ամրապնդմանը և որևէ կերպ չեն շահագրգռի երիտասարդներին՝ ընտրելու հենց զինվորականի կարիերան:

Եթե նույնիսկ ենթադրենք, որ Պաշտպանության նախարարությունը կարող է հիմնավորել որոշումը, պնդելով, որ 1 մլն դրամը մեկ տարվա փոխհատուցման ծախսն է, ապա այս պահին ծառայության մեջ գտնվող սպաների նկատմամբ այդ պայմանը չեն կարող առաջադրել: Որոշումն ակնհայտորեն նպատակ ունի ամեն գնով խոչընդոտել սպաներին՝ ծառայությունը ժամկետից շուտ ավարտելուն: Նման քայլի դիմելու համար Պաշտպանության նախարարությունն ունի իր պատճառները. գաղտնիք չէ, որ անգամ սպաների համար Հայաստանում զինվորական ծառայությունը կորցրել է իր գրավչությունը, իսկ պետությունը, փոխարենը քայլեր ձեռնարկի խնդրի պատճառ հանդիսացող հիմքերը վերացնելու ուղղությամբ, ընդունում է նման անհասկանալի և սպաների իրավունքները ոտնահարող որոշումներ:

 

Ստելլա Խաչատրյան